ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է իր նախորդին՝ Ջո Բայդենին գաղտնի տեղեկատվության հասանելիությունից անմիջապես զրկելու մասին։
«Կարիք չկա, որ Ջո Բայդենի համար հասանելի լինի գաղտնի տեղեկատվությունը: Ուստի մենք անհապաղ չեղարկում ենք գաղտնի տեղեկատվության հասանելիությունը Ջո Բայդենի համար եւ դադարեցնում հետախուզության վերաբերյալ նրա ամենօրյա ճեպազրույցները»,- ասել է Թրամփը Truth Social սոցցանցում:
Նրա խոսքով՝ Բայդենն է ստեղծել այդ նախադեպը 2021թ., հետախուզական հանրությանը հանձնարարելով զրկել Թրամփին՝ այն ժամանակ Միացյալ Նահանգների 45-րդ նախագահին, ազգային անվտանգության մանրամասների հասանելիությունից, «սիրալիրություն, որը ցուցաբերվում էր նախկին նախագահներին»:
Հուրի (ԱՄՆ հատուկ խորհրդական- խմբ.) հաշվետվությունում նշվել է, որ Բայդենը տառապում է «վատ հիշողությամբ» եւ անգամ «ուժերի ծաղկման շրջանում» նրան չէր կարելի վստահել գաղտնի տեղեկատվություն։ «Ես միշտ կպաշտպանեմ մեր ազգային անվտանգությունը. ՋՈ, ԴՈՒ ԱԶԱՏՎԱԾ ԵՍ։ ԱՄԵՐԻԿԱՆ ՆՈՐԻՑ ՄԵԾ ԴԱՐՁՆԵՆՔ»,- ամփոփել Է Թրամփը։