«Փաշինյանը զիջում է ամեն ինչ՝ իր աթոռը պահելու համար». Արշակ Կարապետյան
«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյանը «Բնագծի» եթերում խոսել է տարածաշրջանային վերադասավորումների, Ռուսաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների, և Հայաստանի անվտանգության ռազմավարական սխալների մասին։
«Քանի կար Ղարաբաղի հարց, Հայաստանն ու Ռուսաստանը դիտարկվում էին որպես այդ հարցի լուծման կողմ։ Իսկ երբ հարցը վերացավ, Ադրբեջանը այլ հետաքրքրություններ դարձրեց առաջնային՝ իրեն այլևս պետք չէր լավ հարաբերություններ ունենալ Մոսկվայի հետ», – ասել է գեներալ-մայորը։
Կարապետյանի գնահատմամբ, Ռուսաստանը միակն է, որ կարող էր և այսօր էլ կարող է լուծել Ղարաբաղի հարցը։
Ադրբեջանի փոփոխված ռազմավարության մասին խոսելիս, նա ընդգծել է․
«Ադրբեջանը որոշել է տարածաշրջանում զբաղեցնել Իրանի տեղը։ Կարծում եմ՝ այդ ամենը բերելու է նրան, որ Ադրբեջանը կործանվելու է։ Կապ չունի՝ փղերը կռվում են, թե սիրով զբաղվում, նրանց ոտքի տակ ընկնողին տրորում են»։
«Մենք պիտի նայենք երկու կենտրոնների՝ Արևմուտքի և Ռուսաստանի շահերի համադրելիությանը հայկական շահերի հետ։ Որ կողմի շահերն ավելի համընկնում են՝ նրանց հետ լինել մտերիմ, բայց միաժամանակ չնեղացնել մյուսին։ Մենք չենք կարող կռվել որևէ կենտրոնի դեմ։ Ի՞նչ է՝ Հայաստանը կարո՞ղ է հաղթել Ռուսաստանին։ Վաղը՝ դեկտեմբերի 31-ին, գազը անջատի, ո՞նց ենք ապրելու։ Դա արդեն տեսել ենք 90-ականներին»։
Կարապետյանը հիշեցրել է, որ Ռուսաստանն է միակ երկիրը, որ
▪️ դեմ է «Զանգեզուրի միջանցքին»՝ Իրանի հետ միասին,
▪️ ունի զինված ուժեր Հայաստանում,
▪️ վաճառում է մեզ ամենաէժան գազը,
▪️ նախընտրում է հայկականը՝ էներգետիկ շուկայում։
«Կարնեգի» կենտրոնում մշակվող քարտեզներում Հայաստանի անունը գոյություն չունի։ Իսկ ՀՀ ղեկավարն ընդունում է բոլոր ադրբեջանական պահանջները՝ աթոռը պահելու համար։
Ըստ Կարապետյանի,
▪️ «Միջանցքը բացվելու է ադրբեջանական պայմաններով՝ առանց մաքսատան, առանց հսկողության»
▪️ «Փաշինյանը փորձում է 300 հազար ադրբեջանցու դարձնել ՀՀ քաղաքացի՝ իր էլեկտորատը ամրապնդելու համար»
▪️ «Կալանավորելու է բոլորին, զորք է ուղարկելու սրբավայրերի դեմ։ Ամեն ինչի ընդունակ է»։
Գեներալը վստահ է՝ իշխանությունն Հայաստանը զարգացնելու ծրագիր չունի, ունի միայն այն թուրքական վերահսկողության տակ գցելու հրահանգ։
Իսկ այսօրվա ընդդիմությունը, ըստ նրա, զբաղված է միայն իր անձնական օրակարգերով։
«Պետք է վարենք խելացի քաղաքականություն, որ զարգանանք ու չընկնենք փղերի ոտքերի տակ»։