Դիտում եմ ԲԴԽ նախկին նախագահի հարցազրույցը Սիվիլնեթին, որում նա հայտնում է, որ դեռեւս գարնանն է ունեցել հրաժարական տալու մտադրություն, քանի որ, ուշադրություն՝ տեսել է, որ կորցրել է խորհրդարանական բոլոր խմբակցությունների աջակցությունը:
Բարձրագույն դատական խորհուրդը չունի խորհրդարանական աջակցության որեւէ կարիք: Ընդհանրապես այդ ինստիտուտի գոյության կարեւոր իմաստներից մեկն այն է, որ այն չպետք է ունենա այդպիսի աջակցության որեւէ կարիք: Խորհրդարանական աջակցության կարիք պետք է ունենա գործադիր իշխանությունը: Դատական իշխանության անկախության կարեւոր բաղադրիչներից մեկն այն է, որ չունենա իշխանության որեւէ այլ թեւի՝ օրենսդիրի, թե գործադիրի աջակցության կարիք:
Իհարկե, հասկանում ենք, որ Հայաստանում իրական պատկերը բոլորովին այլ է, եւ ամենաբարձրաստիճան մակարդակով կարող է անկաշկանդ ազդարարվել, որ վարչապետի «խնդրանքով» ԲԴԽ նախագահը ներկայացնում է հրաժարական, իսկ հրաժարականի տեքստում էլ շնորհակալություն հայտնվի վարչապետին՝ «այդ բարձր պաշտոնն իրեն վստահած լինելու համար»:
Այս պայմաններում, արդարադատության ռեֆորմի մասին ոորեւէ խոսակցություն այլ բան չէ, քան ծաղր լսարանի հանդեպ:
Միեւնույն ժամանակ, ինչպես արտահայտվել եմ, Հայաստանում արդարադատությունը ունի հանրային, եւ չունի քաղաքական պահանջարկ: Իսկ դա նշանակում է, որ հանրային պահանջարկը չունի քաղաքական կապիտալիզացիայի հնարավորություն: Ցանկացած իշխանություն արդարադատության համակարգը դիտարկելու է հետեւյալ տրամաբանությամբ՝ եթե ես այն չդարձնեմ իմ գործիքը, այն դառնալու է ընդդիմության գործիք:
Այս խնդիրը իրապես խորքային լուծում ստանալու համար պահանջելու է էվոլյուցիոն մեծ ընթացք: 2018-ից հետո, որքան էլ չհնչի տարօրինակ, այդ հարցում արձանագրվել է էական հետընթաց:
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյան