Search
Close this search box.

Կան կարմիր գծեր, որոնց հատումն անթույլատրելի է. Մհեր Գրիգորյանը՝ «Զանգեզուրի միջանցք»-ի մասին

Ես տեղյակ եմ՝ ինչ առաջարկների մասին է խոսքը, բայց քանի դեռ պաշտոնական արձագանք չունենք, ես չէի ուզենա բացել դրանց բովանդակությունը: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 18-ին, լրագրողների հետ զրույցում նշեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ անդրադառնալով Հայաստանի կողմից Ադրբեջանին ուղարկված առաջարկներին:

«Մենք ասել ենք, որ ոչ թե բանակցություններ ենք վարում, այլ առաջարկներ ենք ներկայացրել»,-ասաց նա:

Խոսելով «Զանգեզուրի միջանցքի» մասին բաքվից հնչող հայտարարություններին, Մհեր Գրիգորյանն ասաց. «Մենք քանի անգամ ենք կրկնել, որ կան կարմիր գծեր, որոնց հատումը ուղղակի անհնարին է: Ես անգամ չեմ ուզում քննարկել ու մեկնաբանել դա: Նման բան ուղղակի չի լինելու: Եթե շարունակաբար դրա մասին խոսվում է, մենք էլ շարունակաբար կրկնում ենք, որ Հայաստանը ցանկանում է եւ պատրաստ է ապաշրջափակման շատ պարզ, բայց շատ դոգմատիկ կանոնների ներքո՝ ինքնիշխանության եւ իրավազորության ներքո»:

Նրա խոսքով, սահմանազատման հանձնաժողովների հաջորդ հանդիպման ամսաթվի վերաբերյալ դեռ պայմանավորվածություն չունեն Ադրբեջանի հետ. «Բայց ես կարծում եմ՝ մոտ ժամանակներում հանդիպում կլինի, որովհետեւ կանոնակարգի քննարկման, հաստատման փուլերում եղել է պայմանավորվածություն, որ կանոնակարգն ուժի մեջ մտնելուց հետո մենք պետք է հանդիպենք եւ շրունակենք աշխատանքները:

Համատեղ հաստատված կանոնակարգով կա պայմանավորվածություն, եւ մամլո հաղորդագրություններից դուրս որեւէ մեկնաբանություն չենք տալիս»:

Մհեր Գրիգորյանը չպատասխանե հարցին, թե հաջորդը ո՞ր հատվածում է տեղի ունենալու սահմանազատումը, արդյոք Հայաստանը կարող է առաջարկել, որ դա տեղի ունենան ՀՀ օկուպացված տարածքների հատվածում. «Որեւէ այլ բան, որը հրապարակյին չէ եւ վերաբերելի է սահմանազատման գործընթացին, ես չեմ կարող մեկնաբանել, որովհետեւ կաշկանդված ու սահմանափակված եմ»: