«Սթրայքբոլի գործով» կալանավորված 18-ամյա Անդրանիկ Չամիչյանի առողջական վիճակը վատթարացել է։ Այս մասին Facebook–ի իր էջի «լայվ»–ում հայտարարել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը՝ նշելով, որ քիչ առաջ է տեսակցել Անդրանիկի հետ։
Ծնողները երեկ տեսակցել են որդուն «Նուբարաշեն» ՔԿ-ում, ահազանգել են փաստաբանին, որ Չամիչյանի առողջական վիճակը լավ չի։
«Տղան լուրջ առողջական խնդիր ունի, որ պատճառով տարկետում է ստացել բանակից։ Սրտի հետ է կապված, իսկ բոլորս էլ գիտենք, որ սրտի հետ կապված հարցերը հատուկ ուշադրության են արժանի, և չի կարելի աչքաթող անել։ Առավել ևս սթրես, շոգ, այդ ամեն ինչը ազդում են և ես քիչ առաջ դիմում ներկայացրեցի թե՛ քրեակատարողականի պետին, թե՛ դատապարտյալների առողջությամբ զբաղվող ՊՈԱԿ–ի տնօրենին։
Քրեակատարողականի ղեկավարության հետ առանձին խոսեցի։ Այնպես չի, որ չեմ վստահում, հակառակը վստահում եմ և հանրությանը տեղեկացնելու պատճառը այն է, որովհետև սա քաղաքական բանտարկյալի գործ է և հանրությունը իրավունք ունի տեղեկանալ վիճակի մասին։
Անդրանիկը ինձ էլ ներկայացրեց ախտանիշները և հույս եմ հայտնում, նույնիսկ վստահություն եմ հայտնում, որ հաստատ քրեակատարողական հիմնարկում պատշաճ ուշադրություն կլինի Անդրանիկի առողջության մասով։ Մեծ հույս ունեմ, որ որոշում կկայացնեն համապատասխան հետազոտություն անցկացնելու հետ կապված, որ հասկանան, թե ինչ է վիճակը»,–ասաց նա։
Նշենք, որ 18-ամյա տղային իրավապահները մեղադրում են ահաբեկչության նախապատրաստման մեջ։
Հիշեցնենք՝ խուզարկություններ էին իրականացվել ՀՅԴ անդամների բնակարաններում, այդ թվում՝ ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանի, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի աշխատակազմի ղեկավար Վահագն Մաթինյանի, «Եղվարդ» խոշորացված համայնքի ավագանու անդամ, ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միության Կենտրոնական վարչության նախագահ Գևորգ Մուրադյանի տներում։
Ձերբակալվել էր յոթ անձ, այդ թվում՝ Գեղամ Մանուկյանի որդին՝ Տարոն Մանուկյանը, ՀՅԴ Երևանի Քաղաքային կոմիտեի անդամ Արսեն Մարտոյանը։