«Նոր Նորք վարչական շրջանում համայնքային գույքն ապօրինի հափշտակելու իմ ակցիայի, հրապարակումների հետ կապված ինձ վրա հարձակում է կատարվել ու հափշտակվել է հեռախոսս»,- այսօր դատախազության դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց բլոգեր Արթուր Չախոյանը, ով շենքի դիմաց կազմակերպել էր հավկիթներով ակցիայի։ «Բոլոր համապատասխան փաստերը ներկայացրել եմ ոստիկանությանը, կա տեսանյութ, որտեղ երևում է այդ մարդկանց դեմքերը, դրանից հետո ինձ շանտաժի են ենթարկում, հաղորդագրություն է գալիս իմ վրա, որ «սուս մնա, մենք գիտենք դու ում հետ ես խոսում, ու ում հետ ես շփվում։ Դրանից հետո ասեցի լռեմ որոշ ժամանակ՝ իրենց թելը թելեմ, տեսնեմ էդ սուս մնալը ինչի է հանգեցնելու, ու հանգեցրեց նրան, որ ինձ վրա հարձակված մարդիկ դարձան անհայտ անձինք իսկ կոռուպցիայի բացահայտումների հետ կապված ինձ փորձում են շանտաժի միջոցով լռեցնել»,- հավելեց բլոգերը։ Ըստ Չախոյանի՝ դեպքի վերաբերյալ դատախազություն է դիմել․ «Դատախազությունը ծածկադմփոց է անում, հանդիպում եմ պահանջել, մերժում են գործի վերաբերյալ հանդիպել ինձ հետ։ Իսկ այս ձվերը ամենևին նպատակ չունեմ շենքի վրա նետելու, որ ոստիկաններին բերել կանգնեցրել են այստեղ, այն կփոխանցեմ այստեղ գտնվող պաշտոնյաներին, որ իրենք հասկանան, թե իրենք ովքեր են»,- նշեց Արթուր Չախոյանը։ Բլոգերը սպասելիքներ չունի այս ակցիայից, քանի որ ինչպես ինքն է նշում՝ «այդ ամենը պետական մակարդակի հովանավորչության ներքո է կատարվում»։




