SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 26-ին դանակահարություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Գառնիի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Գառնի-Երևան կամրջի տակ տեղի ունեցած դանակահարության հետևանքով «պոլիտրավմա հարցական, ձախ գոտկային շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Գառնիի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի տեղակալ Մուշեղյանի գլխավորությամբ, որտեղ պարզվել է, որ վիրավորը Կոտայքի մարզի բնակիչ 35-ամյա Մհեր Գ․-ն է։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանության Գառնիի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 17։00-ի սահմաններում Արտաշատի խճուղու Ջրվեժ-Գառնի ճանապարհի կամրջի տակ Մհեր Գ․-ն հանդիպել է իր ծանոթ, Կոտայքի մարզի բնակիչ 37-ամյա Արմենուհի Գ․-ի և նրա ամուսնու, Կոտայքի մարզի բնակիչ 32-ամյա Հովհանես Հ․-ի հետ հարաբերություններ պարզելու նպատակով, ինչի ընթացքում Հովհաննես Հ․-ն իր մոտ եղած դանակով հարվածել է Մհեր Գ․-ի մեջքի շրջանին՝ պատճառել մարմնական վնասվածք։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նույն օրը Հովհաննես Հ․-ն հայտնաբերվել է, ՀՀ քր․ օր․-ի 167 հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Գառնիի բաժին և ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցագործության գործիք հանդիսացող դանակը հայտնաբերելու ուղղությամբ։
Դեպքի փաստով ոստիկանության Գառնիի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին։




