Աշխարհ
ՋՐԻ ԴԵՖԻՑԻՏՆ ԻՐԱՆՈՒՄ ԴԱՐՁԵԼ Է «ԱԶԳԱՅԻՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐ»
Նարեկ Հարությունյան30 Հուլիս 2025 | 17:00
Facebook Twitter
Իրանում ջրի սուր դեֆիցիտ է։ Չորացել են թե գետերը, թե ջրամբարները։ Իշխանությունները մտածում են մայրաքաղաքի՝ Թեհրանից այլ քաղաք տեղափոխելու մասին։
Իրանական կառավարության խոսնակ Ֆաթեմե Մոհաջերանին ջրի պակասորդը երկրում անվանել է «ազգային խնդիր», որը կարող է վերաճել եւ դառնալ հումանիտար կամ տնտեսական աղետ։
Նրա խոսքերով՝ Թեհրանում ջրի վիճակը շատ վատ է, դրա համար էլ մայրաքաղաքը հնարավոր է մեկ շաբաթով «փակվի», այսինքն՝ դադարեցնեն աշխատել հանրային հաստատությունները, համալսարանները, դպրոցները։ Կառավարությունը դիտարկում է նաեւ ոչ ավանդական տարբերակներ՝ խնդրի կարգավորման համար։
Դրանցից մեկը աշխատանքային շաբաթվա՝ մինչեւ չորս օրվա կրճատումն է կամ մարդկանց հեռավար աշխատանքի տեղափոխումը։
Դա պետք է խնայի էներգիա եւ ջուր։ Ջրի խնդիրը ողջ Իրանի համար է դարձել մեծ պրոբլեմ։ Համաձայն պաշտոնական տվյալների, ջրամբարների ութսուն տոկոսը համարյա դատարկ են։ Հաջորդ երկու ամիսներին նորմալ ջրամատակարարում պարզապես անհնար կլինի իրականացնելը։
Անձրեւները միայն աշնանը կլրացնեն ջրի պաշարները։
Արդեն անցյալ շաբաթ մայրաքաղաք Թեհրանում եւ հիսուն այլ քաղաքներում ջրի մատակարարումները իրականացվել են ընդհատումներով։
Ընդհատումների միջեւ կարող է լինել 12-48 ժամվա պարբերականություն։ Շատերը պարզապես հեռացել են երկրի հյուսիսային շրջաններ՝ Կասպիականի ափերի մոտ, որտեղ ջրի խնդիր չկա։
Քննարկվում է նույնիսկ մայրաքաղաքի՝ Թեհրանից տեղափոխումը, որն ունի 14 միլիոն բնակչություն։ Նարեկ Հարությունյան