Ջորջ Սորո՞ս, թե՞ Սամվել Կարապետյան. Հայաստանի ընտրությունը

Այլեւս քչերն են վիճարկում այն միտքը, որ 2018 թ․ գարնանը Հայաստանում տեղի ունեցածը տիպիկ գունավոր հեղափոխություն էր՝ կազմակերպված համաշխարհային նեոլիբերալ գլոբալիստական ուժերի կողմից, որոնց շատ հաճախ ընդհանրական անվանում են՝ սորոսականներ, նկատի ունենալով, որ հենց ամերիկացի միլիարդատեր Ջորջ Սորոսի կողմից հիմնված Բաց հասարակության հիմնադրամներն են աշխարհի տարբեր երկրներում ֆինանսավորել եւ ուղղորդել այն հասարակական կազմակերպություններին եւ քաղաքական հոսանքներին, որոնք իրենց երկրներում կազմակերպել կամ փորձել են կազմակերպել հեղաշրջումներ, իշխանության հակասահմանադրական զավթումներ: Արդյունքում իշխանության են եկել կամ բերվել համաշխարհային նեոլիբերալ գլոբալիստական ուժերին հնազանդորեն ծառայող այդ գաղափարախոսությամբ առաջնորդվող ռեժիմներ:

Քանի որ նման բոլոր հեղաշրջումներն իրականացվում են հասարակություններին թյուրիմացության մեջ գցելու, մարդկանց՝ պոպուլիստական ականջահաճո գաղափարների եւ լոզունգների հռչակմամբ, եւ հետագայում պետք է պարզվի, որ դրանք արվել են գիտակցված`  մարդկանց խաբելու եւ հիմարացնելու նպատակով, նման ռեժիմներն իրենց իշխանությունը պահելու համար խնդիր ունեն՝ հիմնովին վերակառուցելու հասարակական մտածողությունը, ոչնչացնելու հասարակական այն կառույցները, որոնք կարող են խոչընդոտ դիտարկվել իրենց հետագա պաշտոնավարման համար՝ վտանգ ներկայացնելով ռեժիմի հետագա գոյությանը:

Պատահական չէ, որ Փաշինյանն իր իշխանության հիմնական թշնամի է հռչակել Հայ առաքելական եկեղեցին, որն ունի հանրային մեծ հեղինակություն եւ աջակցություն, հետեւաբար՝ կարող է ապահովել հնարավորինս մեծ հասարակական համախմբում: Մի բան, որի դեմ այդքան հետեւողականորեն պայքարում է Փաշինյանը՝ փորձելով հնարավորինս մասնատել եւ իրար դեմ հանել հասարակության տարբեր շերտերի եւ խմբերի: Ահա թե ինչու է Փաշինյանը փորձում հեղինակազրկել Եկեղեցու սպասավորներին՝ փորձելով հասարակության աչքին նրանց ներկայացնել ոչ թե որպես բարձր հեղինակություն ունեցող մարդկանց, ովքեր իրենց նվիրել են Աստծո եւ հավատքի ծառայությանը, այլ՝ մի խմբի, որն Աստծո եւ Եկեղեցու անունն օգտագործում է՝ սեփական հաճույքների եւ անձնական հարստացման համար: Փաշինյանը թշնամի է հռչակել բոլոր նրանց, ովքեր կանգնած են Եկեղեցու կողքին, առավել եւս՝ որ այդ մարդիկ ունեն անձնական հեղինակություն եւ ազդեցություն: 

Սամվել Կարապետյանը կալանավորվել է բացառապես այն պատճառով, որ անձնական հեղինակությունն օգտագործում է Եկեղեցու պաշտպանության համար: Շարքային մարդու համար կարեւոր է անձնական օրինակը. նա գիտի, որ Սամվել Կարապետյանը հաջողակ գործարար է, միլիարդատեր եւ բարերար: Նա հարստացել է արտասահմանում, ոչ թե Հայաստանում պետական պաշտոն զբաղեցնելու եւ պետական բյուջեի գումարներն անձնական հարստացման նպատակով յուրացնելու միջոցով, հազարավոր հայ մարդկանց դժվար տարիներին Ռուսաստանում ապահովել է աշխատանքով, դրսում աշխատած գումարներից ներդրումներ է կատարել Հայաստանում, միջոցներ է տրամադրել Արցախում եւ Հայաստանում բարեգործական նպատակների համար, ամենախոշոր բարերարն է, որ միլիոնավոր դոլարներ է տրամադրում Հայ առաքելական եկեղեցուն՝ շինարարական, կրթական եւ բարեգործական ծրագրերի իրականացման համար: Եթե նման մարդը կաթողիկոսին եւ ՀԱԵ-ն պաշտպանում է Փաշինյանի եւ նրա թիմի հարձակումներից, նշանակում է ճիշտը նա է եւ ոչ թե Փաշինյանը, պետք է հետեւել նրա օրինակին, քանի որ Սամվել Կարապետյանն ազգային գործիչ է. նա քարոզում է ազգային արժեքներ` հայրենիքի պաշտպանություն, ամուր եւ ավանդական ընտանիք, հավատարմություն մեր պատմությանն ու հոգեւոր ժառանգությանը, կողմնակից է արտաքին քաղաքականությունում Ռուսաստանի հետ դարերի ընթացքում ձեւավորված բարեկամական եւ փոխշահավետ համագործակցությանը:

Ասում են, որ չի կարելի որեւէ փողատեր կապիտալիստի, ով էլ որ նա լինի, որքան էլ որ մեծ բարեգործ կամ բարերար լինի, հռչակել համազգային առաջնորդ կամ նրա անձի հետ կապել երկրում հասարակական քաղաքական փոփոխությունների իրականացումը: Բայց ուզենք, թե չուզենք՝ մենք կանգնած ենք ընտրության առաջ. կա՛մ մեր հասարակական-քաղաքական կյանքը պետք է առաջնորդի պայմանական` Ջորջ Սորոսը` ամերիկացի միլիարդատեր եւ գլոբալիստ, որն ամբողջ աշխարհում քարոզում է, այսպես կոչված, բաց հասարակության տեսություն, որի գործնական արտահայտությունը եղած հասարակական ինստիտուտների ոչնչացումն է եւ հասարակության փոխարեն մարդկանց նախիրի ձեւավորումը, կա՛մ ավանդական ազգային եւ հոգեւոր արժեքների պաշտպանության գաղափարներով հանդես եկող որեւէ հայ հեղինակություն: 

Սամվել Կարապետյանը քաղաքական առաջնորդության հայտ է ներկայացրել. նա հերթով թվարկում է, թե ինչպես է պատկերացնում մեր հասարակական-քաղաքական կյանքի բարեփոխումը իշխանափոխությունից հետո` արդարադատության համակարգից մինչեւ արտաքին քաղաքականություն: Յուրաքանչյուր մարդ իր մեջ պետք է ընտրություն կատարի, թե ում է տեսնում Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքի առաջնորդ` նեոլիբերալ եւ գլոբալիստ Ջորջ Սորոսի՞ն, որը քարոզում է ազգային եւ պետական կառույցների վերացում եւ համաշխարհային կապիտալին հնազանդ բիոզանգվածի ձեւավորում, թե՞ ազգային, հոգեւոր արժեքների պաշտպանության գաղափարներով հանդես եկող Սամվել Կարապետյանին: 

Նկատի ունեցեք, որ, Կարապետյանից բացի, քաղաքական առաջնորդության հայտ ներկայացնող այլ անձինք էլ են եղել, բայց հանդես գալով գործող ռեժիմի փոփոխության կոչերով եւ կարգախոսներով՝ նրանք չեն ստացել բավարար հանրային աջակցություն՝ քաղաքական փոփոխություն իրականացնելու համար: Կունենա՞ նման աջակցություն Սամվել Կարապետյանը, կկարողանա՞ իր շուրջ ստեղծել հասարակական-քաղաքական համախմբում եւ իրականացնել ռեժիմի փոփոխություն, ցույց կտա ժամանակը` առաջիկա մեկ տարին:
hraparak.am

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։