Կեղծ լիազորագրերի հիման վրա ՀՀ0 տարածքում քաղաքացիներին պատկանող անշարժ գույքի վաճառքի դեպքերով ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթում քննվող գործի շրջանակներում քննիչը միջնորդություն է ներկայացրել, որ քրեական գործերով դատարանը երկամսյա կալանքի որոշում կայացնի Երևանի բնակիչ Արթուր Ղազարյանի նկատմամբ, հաղորդում է Shamshyan.com-ը:
Դատարանը Ա. Ղազարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել է տնային կալանք: Ա. Ղազարյանը օրերս էր ձերբակալվել, ով փաստաբանների պալատի փաստաբան է:
Ըստ օպերատիվ և քննչական հավաստի տեղեկությունների՝ գործել է հանցավոր խումբ, որոնց թիրախը եղել են հիմնականում չբնակեցված տները և հողատարածքները, հանցավոր խմբի անդամները Մոսկվայի նոտարական գրասենյակների անվամբ կեղծ լիազորագրերով Հայաստանում յուրացրել և վաճառել են 10-ից ավելի անշարժ գույք:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Hetq.am-ը, Լիաննա Վասակյանը 20 տարուց ավել է՝ Հայաստանում մշտապես չի բնակվում, տարվա ընթացքում մի քանի անգամ է գալիս։ Լիաննան Երևան քաղաքի Նալբանդյան 116 հասցեի շենքում կողք կողքի երկու բնակարան ունի: Մեկում իրենք են ապրում, երբ Հայաստան են գալիս, մյուսը՝ հանձնում են վարձակալության։ 2023թ. հունիսի 1-ին Լիաննային տեղեկացրել են, որ իր երկու բնակարանների կողպեքները փոխված են, դռները՝ վնասված։
2023թ. մայիսի 28-ին Արաքսյա Գրիգորյանը փակել է Վասակյանից վարձակալած բնակարանի դուռն ու հեռացել (բնակարանը վարձակալել էր «Ապրելու երկիր» կուսակցությունը): Օրեր անց՝ հունիսի 1-ի երեկոյան, վերադառնալով վարձակալած բնակարան՝ Արաքսյան նկատել է, որ դռան փականը փոխված է, իսկ հարևանությամբ գտնվող Վասակյանի մյուս բնակարանի դուռ՝ վնասված: Անմիջապես զանգահարել է Լիաննային, տեղեկանալու՝ արդյոք նա՞ է փոխել դռան փականը։ Տեսազանգի ընթացքում, երբ տեսախցիկով ցույց է տվել դռները, Լիաննան նկատել է, որ փոխված է նաև մյուս տան դռան փականը։ Լ. Վասակյանը հասկացել է, որ ինչ-որ բան այն չէ, Ա. Գրիգորյանին ասել է, որ շտապ ոստիկանություն կանչի։
Ոստիկանությունից տեղում արձանագրություն են կազմել, փրկարար ծառայության աշխատակիցները կոտրել են փոխված փականները, փականագործը նորն է տեղադրել։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի ժամանակ հայտնի է դարձել, որ Երևանում նմանատիպ մի շարք դեպքեր են եղել, որոնցով նույնպես նախաձեռնված քրեական վարույթներ կան: Քննչական կոմիտեի քննիչը որոշում է կայացրել Լիաննա Վասակյանի բնակարանի դեպքով նախաձեռնված վարույթը միացնել մյուս վարույթներին և քննել մեկ վարույթի շրջանակներում:
Երբ Լ. Վասակյանը ժամանել է Հայաստան, Քննչական կոմիտեի քննիչ Արտյոմ Փիլոյանը 2023թ. օգոստոսի 29-ին Լիանա Վասակյանին տուժող է ճանաչել:
«Մեր երկու դռների կողպեքներն էլ շատ թանկարժեք, ոչ սովորական կողպեքներ էին և դրանք առանց էլեկտրական սղոցի բացել հնարավոր չէր, դուռը բացողները էլեկտրականություն բերել են դիմացի տնից, այնտեղ վարձով բնակվում էին ռուս ռելոկանտներ»,- պատմում է Լիաննա Վասակյանը և հավելում, որ շենքի բնակիչները ևս տեսել են՝ բնակարանների դռների փականները փոխվում են, սակայն չեն մտածել, որ սեփականատերերի հետ կապ չունեցող անձինք են:
Նրա խոսքով՝ դեպքի մասին իմանալուց հետո, վարձակալությամբ ապրող ռուս հարևանները, ոստիկաններին պատմել են, որ տանը միայն երեխան է եղել, չի հասկացել, թե ինչ է կատարվում: Անծանոթ մարդիկ խնդրել են գործիքի մալուխը տան վարդակից միացնել, ասել են, որ իրենց տունն է, բանալին կորցրել են, նա էլ չի մերժել։ Լիաննան խոսել է նաև տանտիրոջ հետ, վերջինս ասել է, թե դեպքից մեկ ամիս անց ռուս վարձակալները գնացել են Եվրոպա, իսկ տանտերը մանրամասներից տեղյակ չէ, այդ օրն այդտեղ չի եղել։
Լիաննա Վասակյանը դժգոհ է գործի քննությունից, ասում է, որ սկզբնական շրջանում քննիչը պատշաճ պատասխանել է իր զանգերին, նամակներին: Սակայն հիմա ո՛չ զանգերին է պատասխանում, ո՛չ հաղորդագրություններին, որոնք վերաբերում են գործի քննությանը: Ասում է, որ նախաքննական մարմինը պատշաճ քննություն չի իրականացնում:
Ավելին՝ նույնիսկ փորձ չեն արել պարզելու՝ տարածքում կա՞ն տեսանկարահանող սարքեր, որոնց միջոցով հնարավոր կլիներ պարզել, թե ովքեր են մտել շենք: Քրոջ դուստրն է գտել տարածքի հարևանությամբ տեղադրված տեսախցիկի սեփականատիրոջը և վերցրել տեսաձայնագրությունը, որը հետագայում փոխանցվել է քննիչին: Տեսագրության մեջ հստակ երևում են մարդկանց դեմքերը, գործիքները, որոնցով կտրել են փականները: Նույնիսկ հստակ երևում է, որ տներից մեկի փականը կտրելու համար գնացել և նոր գործիք են բերել: Իսկ այդ ընթացքում մի մարդ, թուղթը ձեռքին, պարբերաբար գնացել ու եկել է: Լ. Վասակյանը կարծում է, որ այդ մարդն է համակարգել փականների փոխման աշխատանքները:
Լիաննա Վասակյանի ասելով՝ հենց այդ տեսագրության մեջ պատկերված անձանց իրավապահները նույնականացնելով՝ պարզել են, որ նույն անձինք այլ հասցեներում ևս նմանատիպ գործողություններ են իրականացրել: Գտել են գործիքներն օգտագործող անձին, վերջինս ասել է, թե ընդամենը նմանատիպ աշխատանքներ կատարող է, որի մասին հայտարարություն է տարածել: Որևէ մեկին չի ճանաչել, իրեն զանգել, հրավիրել են, որ փականները փոխի: Աշխատանքը կատարել ու հեռացել է։
Հանցավոր խմբի նպատակը բնակարանային գողությունը չէ:
Հանցավոր խմբի թիրախը եղել են հիմնականում չբնակեցված տները կամ հողատարածքները: Վերջիններս գողություն կատարելու նպատակով չեն փոխել դռների փականները, այլ կեղծ լիազորագրերով փորձել են վաճառել: Հայաստանում այդ ճանապարհով արդեն մի քանի անշարժ գույք վաճառվել է:
Մասնավորապես՝ Լ. Վասակյանին տուժող ճանաչելու մասին քննիչի որոշման մեջ նշված է, որ 2022թ. Ս. Աբրահամյանի անունից կեղծ լիազորագրեր են կազմվել, ապա դրա հիման վրա տիրացել են Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Զարուբյան փողոցի X հասցեում գտնվող 134 մլն 400 հազ. դրամ արժողությամբ հողատարածքին: Փորձ է արվել կեղծ եղանակով ձեռք բերել նաև Ս. Աբրահամյանին պատկանող Բաբայան փողոցում գտնվող անշարժ գույքը:
Իրավապահները տվյալներ ունեն, որ ՌԴ քաղաքացի Ա. Շևցովան ու ազգությամբ հայ մի տղամարդ, նախնական համաձայնություն են ձեռք բերել՝ տիրանալու Բաբայան փողոցի հարևանությամբ գտնվող գույքին: Ա. Շևցովան 2022թ. դեկտեմբերի 15-ին կեղծ լիազորագիրն օգտագործել է Կադաստրի կոմիտեի «Կենտրոն» սպասարկման գրասենյակում, որպեսզի ստանա անշարժ գույքի հատակագիծը, իսկ մոտակա օրերին վաճառի գույքը, սակայն խումբը նպատակին չի հասել, նախաձեռնվել է քրեական վարույթ, և ձերբակալվել են։
Պարզվել է, որ Ս. Աբրահամյանը լիազորագիրը տալու ժամանակ գտնվել է Հայաստանում, հետևաբար չէր կարող Մոսկվա քաղաքի նոտարի մոտ այլ անձի լիազորագիր տալ:
Մանրամասը՝ սկզբնաղբյուրում: