Երևանի Սուրբ Աննա եկեղեցու բակում այսօր ձերբակալված 3 անձից 2–ը եղբայրներ են` Դավիթ և Միքայել Մինասյանները, նրանք դպրոցական են։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը
«Այս պահին գտնվում են Կենտրոնի քննչական բաժնում, նրանք ձերբակալված են, նախաձեռնվել է քրեական վարույթ, մեղադրանք դեռ չկա»,– ասաց փաստաբանը։
Քննչական կոմիտեից Sputnik Արմենիային հայտնեցին, որ եղբայրները երկվորյակներ են, նրանք չափահաս են։
Ինչ վերաբերում է երրորդ ձերբակալվածին, ապա փաստաբանը հայտնեց, որ նա Գևորգ Գևորգյանն է, բայց քանի որ վերջինիս գործով ինքը չի զբաղվում, այլ մանրամասներ չհայտնեց։
Հիշեցնենք, որ այսօր Սուրբ Աննա եկեղեցում միջադեպ էր տեղի ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ։ Այն պահին, երբ վարչապետը դուրս էր գալիս տաճարից՝ անցնելով ծխականների շարքերով, նրանցից մեկը վրդովված դիմեց թիկնապահին՝ «Տենց չնայես ինձ»։ Հավաքվածներից մեկն էլ շարքի հետևից փորձեց հարվածել Փաշինյանի ուղղությամբ։ Նիկոլ Փաշինյանը թիկնապահներին հրահանգեց հանգիստ մնալ ու չմիջամտել։
ՆԳՆ–ից հայտնել են որ խուլիգանության և պաշտոնատար անձի օրինական ծառայողական և քաղաքական գործունեությանը միջամտելու կասկածանքով ձերբակալվել է 3 անձ։





