«Եթե դուք այսքան տարի մեր ներվային համակարգի հետ խաղում եք, ինչո՞ւ ես չեմ կարող»,- այսօր Մարտի 1-ի գործով դատական նիստի ժամանակ ասաց Յուրի Խաչատուրովը՝ դիմելով դատավոր Սարգիս Պետրոսյանին։ «Եթե դուք ինչ-որ մի տեղ դասավանդում եք, ես ձեր ուսանողը չեմ, որ ինձ հարցեր տաք՝ ես ձեզ պատասխանեմ»,- նոր մեղադրանքի թարգմանության անհրաժեշտության հետ կապված դատավորի հարցերին ի պատասխան՝ ավելացրեց Խաչատուրովը։ «Ես ձեր վերաբերյալ գործը քննող դատավորն եմ, դուք դատարանում պարտավոր եք դրսևորել պատշաճ վարքագիծ»,- ի պատասխան ասաց դատավոր Պետրոսյանը։
Այսօր Հակակոռուպցիոն դատարանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործի քննությունն էր։ Նրանք անցնում են 2008 թվականի Մարտի 1-ի իրադարձությունների գործով։
Նիստը հետաձգվեց, հաջորդ նիստը տեղի կունենա դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11:00-ին։




