Search
Close this search box.

Ձեր ստորագրած ամեն մի փաստաթուղթը միտված է՝ ՀՀ-ն մտնի ՌԴ կամ միութենական կազմի մեջ. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմությանը

Հարգելի ընդդիմություն, դուք հիմա այն խոսույթը որ բերել եք ԱԺ-ի օրակարգ, այդ խոսույթը արդյո՞ք ձևավորվել է 22 թվականի ապրիլի 7-ի շրջաբերական 004-ո՞վ, թե՞ նոր շրջաբերական եք շրջանառել ու դրա միջոցով եք հիմա խոսույթ ձևավորում:

Այս մասին ԱԺ նիստին ընդդիմությանը հարցրեց՝ ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:

«Այն ամենն, ինչ հիմա դուք խոսում եք, պարոնայք ընդդիմադիրներ, տեղավորվում է հետևյալ տրամաբանության մեջ. ամեն անգամ ինչքան խոսում եք Լեռնային Ղարաբաղից, ինչքան խոսում եք Արցախից, ձեր շրջաբերականի՝ չեմ հիշում որ ենթակետի 15-րդ ու 16-րդ կետերն են՝ Ռուսաստանը կարող է Արցախը ենթարկեցնել իրեն և հնարավոր միության դեպքում Արցախի և Հայաստանի Հանրապետության ճակատագրերը պետք է լուծվեն որպես մեկ ամբողջություն»,-ասաց նա:

Ալեքսանյանի խոսքով՝ այնտեղ մի դրույթ էլ կա՝ ինքնիշխանության հնարավոր զիջման մասին:

«Պարո՛ն Մինասյան, էն ինչը դուք եք առաջարկել, առաջարկում ու հիմա էլ բերում դաշտ, միտված է այդ միակ նպատակին, որ Հայաստանը կորցնի իր ինքնիշխանությունը, ՀՀ-ն մտնի Ռուսաստանի կամ միութենական կազմի մեջ ու այնտեղ հնարավոր է, մեկ էլ տեսար՝ կպավ, որ Արցախն էլ ստացվի, կամ չստացվի: Ձեր բոլոր գործողությունները, ձեր թիմակիցների գործողությունները, ԼՂ-ում ձեր ստորագրած ամեն մի փաստաթուղթը, ձեր նշանակած նախագահի ստորագրած ամեն մի փաստաթուղթն ուղղված է եղել մեկ նպատակի՝ Հայաստանը մտցնել ինչ-որ մի բանի կազմի մեջ»,-հայտարարեց նա:

Ապա նա պատասխանեց ընդդիմադիր պատգամավոր Արթուր Խաչատրյանին: «Պարո՛ն Խաչատրյան, ՀՀ դեմ վկայություններ տալը դադարեցրեք, մի հոգի արդեն նմանատիպ վկայություն տվել է՝ Շահրամանյան ազգանունով: Լեռնային Ղարաբաղում դեռ՝ ստորագրելով մի փաստաթողթ, որում ասվում է, թե իբր ՀՀ զորքերը պետք է դուրս գան ԼՂ-ից: Ձեր այդ թիմակցից հարցրեք՝ բա եթե ձեր ասածի պես է, էդ ինչերի՞ տակ է ստորագրել: Նորից եմ ասում՝ դադարե՛ք ՀՀ դեմ սուտ վկայություններ տալ»,-ասաց նա: