Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի փաստաբան Աշոտ Ապրեսյանն արձագանքել է փաստաբան Լիպարիտ Սիմոնյանին, ով հայտարարել էր, որ Ջալալ Հարությունյանը միտումնավոր չի ստանում դատական ակտը, որ վաղեմության ժամկետն անցնի և խուսափի պատիժը կրելուց։
ՊԲ նախկին հրամանատարի փաստաբանը կոչ է արել չաղավաղել փաստերը։
«Դատարանի կողմից իրավունքի չարաշահում չի արձանագրվել, դատարան ներկայացված փաստաթղթերով հիմնավորվել է, որ Ջալալ Հարությունյանը գտնվել է ստացիոնար և ամբուլատոր բուժման մեջ։
Միայն մեկ անգամ դատարանի որոշումն օրենքով սահմանված կարգով հունիսի 30-ին է ուղարկվել Հարությունյանի հասցեով, որը ստացիոնար բուժման մեջ գտնվելու պատճառով նրան չի հանձնվել ու հետ է վերադարձվել դատարան, և այլևս փոստային ծառայության միջոցով Հարությունյանին չի ուղարկվել։
Այսօր Հարությունյանը գրավոր դիմել էր դատարանին՝ հնարավորինս սեղմ ժամկետում դատական ակտն ուղարկել իրեն։ Դուք ևս ներկա էիք այդ դատական նիստին, ու Ձեր պես պրոֆեսիոնալ փաստաբանին հարիր չէ փաստերն աղավաղել, կամ ներկայացնել կիսատ-պռատ»,- Ջալալ Հարությունյանի գործով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Լիպարիտ Սիմոնյանին արձագանքել է Ապրեսյանը։