Ինչպես հայտնել էինք, օգոստոսի 12-ին՝ ժամը 02:00-ի սահմաններում երկրաշարժ է գրացվել Հայաստանում․Գեղարքունիքի մարզում այն զգացվել էր 5 բալ ուժգնությամբ։
«Օրագիր նյուզ»-ի հետ զրույցում Մարտունու տարածաշրջանի մի շարք գյուղերի բնակիչներ նշել են, որ երկրաշարժը բավականին ուժգին է եղել։ «Շենքի 2-րդ հարկում էի, այնքան ուժեղ էր, որ ինձ թվաց՝ շենքը հիմա փլվելու է․ անկողնուս մեջ այս ու այն կողմ էի գնում. արագ վեր կացա, ինչից հետո մոտս գլխապտույտ սկսվեց, վազեցի դուրս, սպասեցի որոշ ժամանակ ու հետո ներս մտա»,- ասել է Լիճք գյուղից Հակոբ Հակոբյանը:
«Արթնացա գլխապտույտից, ինձ թվաց՝ ուղղակի վատ եմ զգում և, քանի որ տանը մենակ էի, վախեցա, բայց նայեցի կողքերս, նկատեցի, որ կողքիս կահույքը գնում-գալիս է, հասկացա, որ երկրաշարժ է, արագ դուրս եկա տանից․ շատ ուժեղ էր»,- ասել է Վաղաշեն գյուղի բնակչուհի Համեստ Գևորգյանը:
«Ես արթնացա դղրդոցից, մտածեցի՝ ինչ-որ բան ընկավ, հետո նայեցի շուրջս, ջահը քիչ էր մնում պոկվեր, արթնացրեցի 3 երեխաներիս, գրկեցի ու վազեցինք դուրս։ Դրսում այլ հարևաններ էլ կային, իսկ մի մասն էլ խորը քուն մտած էին եղել, չէին զգացել․ իսկապես արսափելի զգացողություն էր»,- նշել է Աստղաձոր գյուղից Սուսաննա Մարկարյանը։