Ի պատասխան Գագիկ Ծառուկյանի օրերս Մոսկվա կատարած այցի հետ կապված լրատվամիջոցների բազմաթիվ հարցերի` ուզում եմ տալ հետևյալ պարզաբանումները։
Գագիկ Ծառուկյանը շատ հաճախ աշխատանքային այցերով լինում է տարբեր երկրներում, և, այո´, օրերս եղել է նաև ՌԴ մայրաքաղաքում: Այստեղ ոչ մի արտառոց բան չկա։ Գագիկ Ծառուկյանը ունեցել է հանդիպումներ քաղաքական, հասարակական շրջանակների, հայ համայնքի ազդեցիկ ներկայացուցիչների հետ։
Գագիկ Ծառուկյանը մշտապես հանդես է եկել և գալիս հայ-ռուսական երկկողմ հարաբերությունների օգտին, որը ենթադրում է բոլոր, այդ թվում ցավոտ ու դժվար հարցերի և հետաքրքրությունների մեծ շրջանակ։
Եղել են քննարկումներ, մտքերի հետաքրքիր փոխանակումներ ընդհանուր պատմական ժառանգության, ընդհանուր անցյալի կարևորման վերաբերյալ։ Այս համատեքստում քննարկվել են մշակութային, գիտակրթական միջոցառումների համատեղ անցկացման հնարավորությունները, տարբեր մարդասիրական նախագծերի տարբերակներ։
Օրինակ հոկտեմբերի 20-ին այստեղ կայանալու է Երևանի բերդի ազատագրման տարեդարձին և հայ-ռուսական հարաբերություններին նվիրված միջոցառում, որը կրելու է «Բարեկամության պատմություն» խորագիրը: Հիշեցնեմ, որ Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ 2022 թվականին Երևանի Արարատ կոնյակի, գինու, օղու կոմբինատի տարածքում կանգնեցվել է Երևանի բերդը ազատագրած գեներալ Իվան Պասկևիչի հուշարձանը։ Եկող տարի լրանում է Հայրենական մեծ պատերազմում ֆաշիզմի դեմ տարված հաղթանակի 80-ամյակը։ Հիրավի մարդկության պատմության շրջադարձային այդ փուլում հայ ժողովուրդը այլ ժողովուրդների կողքին իր զգալի դերակատարումն է ունեցել չարիքի դեմ հաղթանակի գործում։ 500 հազար հայորդի մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին, որոնցից 200 հազարը զոհվել է, 100-ից ավել հայ հերոսներ ու գեներալներ, 4 մարշալներ են մարտնչել ֆաշիզմի դեմ: Սա մեր արժանապատիվ ներդրումն է այդ մեծագույն հաղթականում, և աշխարհը դա գնահատում է։ Գագիկ Ծառուկյանի հստակ դիրքորոշումն է, որ մենք պետք է ակտիվ մասնակցենք փառահեղ հաղթանակի միջոցառումներին, և Գագիկ Ծառուկյանը պատրաստ է աջակցել բոլոր հետաքրքիր գաղափարների ու նախագծերի իրականացմանը։ Հայ ժողովուրդն իր զավակների անհամար հերսությունների գնով վաստակել է բոլոր բարոյական իրավունքները մյուս ժողովուրդների հետ մեկտեղ (առաջին հերթին ռուս ժողովրդի) նշելու մեր միասնական հաղթանակը։
Ի դեպ, Հայրենական մեծ պատերազմին մեծ նվիրումով մասնակցել են նաև Արցախի մեր եղբայրներն ու քույրերը։ Ընդհանուր թվով ավելի քան 11.000 արցախցիներ, այդ թվում բազմաթիվ հերոսներ ու գեներալներ մասնակցել են այդ պատերազմին, որոնցից շատերն անմահացել են ֆաշիզմի դեմ պայքարում։ Եվ դա ևս մեկ լավ առիթ էր, բարձրաձայնելու արցախահայության իրավունքների և Բաքվում պահվող մեր բոլոր գերիների հարցը։ Ինչն էլ Գագիկ Ծառուկյանն արել է Մոսկվայում։
Ամփոփելով ասեմ , որ առաջիկայում Գագիկ Ծառուկյանի գրաֆիկում կան նաև այլ աշխատանքային այցեր, այլ երկրներ և քաղաքներ, որոնց մասին կտրվի պատշաճ տեղեկատվություն։ Եվս մեկ հստակեցում. դրանք ոչ թե ԲՀԿ ղեկավարի այցեր են, այլ անձամբ Գագիկ Ծառուկյանի, ով չի հետապնդում որևէ կուսակցական շահ։ Այդ այցերը վերկուսակցական թեմաներով են, ընգրկում են շատ ավելի կարևոր ու ազգային հարցեր։
Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ
Իվետա Տոնոյան