Այն հաղորդումներից հետո, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն բաց է թողել կառավարության այսօրվա առավոտյան ամենշաբաթյա նիստը, նրա գրասենյակը հայտարարություն է տարածել, որ նա հիվանդ է և առաջիկա երեք օրը կաշխատի տնից, հայտնում է Times of Israel-ը։
Ըստ Իսրայելի վարչապետի գրասենյակի, գիշերը Նեթանյահուի ինքնազգացողությունը վատացել է, և նրան իր տանը զննել է Հադասա-Էյն Քերեմ համալսարանական հիվանդանոցի ներքին հիվանդությունների բաժանմունքի տնօրեն, դոկտոր Ալոն Հերշկոն։
Հերշկոն վարչապետի մոտ ախտորոշել է աղիքային բորբոքում, որն առաջացել է փչացած սնունդ օգտագործելու հետևանքով։ Հետագա հետազոտությունից հետո Նեթանյահուի վիճակը գնահատվել է լավ, հայտնում է նրա գրասենյակը։
Հիվանդության պատճառով առաջացած ջրազրկումից հետո նա հեղուկի ներերակում է ստանում։
«Բժիշկների ցուցումներին համապատասխան, Իսրայելի վարչապետն առաջիկա երեք օրը կհանգստանա տանը և այնտեղից կղեկավարի պետական գործերը», — ասվում է նրա գրասենյակի հաղորդագրության մեջ։
75-ամյա Նեթանյահուն վերջին տարիներին առողջական խնդիրներ ունի։ Դեկտեմբերի վերջին նրա շագանակագեղձը հեռացրել են, իսկ 2024 թվականի մարտին ճողվածքի վիրահատություն են արել։ Նույն ամսին նա գրիպի պատճառով մի քանի օր բացակայել է աշխատանքից։
2023 թվականին նա սրտի խթանիչ տեղադրելու վիրահատության է ենթարկվել։
2023 թվականի հունվարին հրապարակված և հանրությանը ներկայացված վերջին բժշկական եզրակացության մեջ ասվում էր, որ Նեթանյահուն «բացարձակապես նորմալ առողջական վիճակում է», որ նրա սրտի խթանիչը ճիշտ է աշխատում, և որ սրտի առիթմիայի կամ որևէ այլ խնդրահարույց վիճակի նշաններ չկան։