Իրանի և Իսրայելի միջև հրադադարի կամ ռազմական գործողությունների դադարեցման մասին համաձայնագիր գոյություն չունի։ Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։
«Սակայն, եթե իսրայելական ռեժիմը Թեհրանի ժամանակով ժամը 4-ից սկսած դադարեցնի իր ապօրինի ագրեսիան Իրանի ժողովրդի դեմ, մենք նպատակ չունենք շարունակել մեր պատասխան գործողությունները։ Մեր ռազմական գործողությունների դադարեցման մասին վերջնական որոշումը կընդունվի ավելի ուշ»,- հայտնել է Արաղչին։
Նշենք՝ իսրայելական կողմից հրադադարի մասին հայտարարություն դեռ չի եղել։
Ավելի ուշ Իրանի ԱԳՆ-ն հայտնել է. «Իր ագրեսիայի համար Իսրայելին պատժելու մեր հզոր զինված ուժերի ռազմական գործողությունները շարունակվել են մինչև վերջին րոպեն՝ առավոտյան ժամը 4-ը»։
Ավելի վաղ Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյան CNN-ին հայտնել էր, որ Իսրայելը համաձայնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից հայտարարված հրադադարին՝ այն պայմանով, որ Իրանը դադարեցնի իր հարձակումները։ Ըստ աղբյուրի՝ Թեհրանը համաձայնել է այդ պայմանին։