«Անձնագրերի դրոշմների խնդիրը շրջանառության մեջ է դրվել ամիսներ առաջ, երբ դեռ հորիզոնում տեսական պայմանավորվածություն չկար Թուրքիայի հատուկ ներկայացուցչի այցի մասին»,- ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ բացառելով այն խոսակցությունները, թե դրոշմի վրայից Արարատ լեռան պատկերը հանվել է Թուքրիայի սպառնալիքի տակ․ «ՀՀ-Թուրքիա բանակցության մեջ որևէ նման հարց չի քննարկվել և չի կարող քննարկվել․․․Անվտանգության մեր ռազմավարության մեջ առանցքային է լեգիտիմության գործոնը, մեր խնդիրն է ապահովել մեր պետության հարատևությունը․․․ Մինչև 2004 թվականը չի եղել այդ դրոշմը, ի՞նչ է նշանակել այդ դրոշմի բացակայությունը, կամ ո՞րն է եղել այդպիսի դրոշմի հայտնվելու քաղաքական նշանակությունը, ի՞նչ էր եղել 2004 թվականին, և այդ նորամուծությունը բերողները ի՞նչ խնդիր էին ուզում լուծել։ Գուցե լեգիտիմության խնդի՞ր էին լուծում, այդ թվում՝ նման ձևերով»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ այդ ժամանակ իշխանությունը ժողովրդի կողմից ընտրված չէր և լեգիտմության նոր աղբյուր են փորձել այդկերպ փնտրել։