Search
Close this search box.

Իշխանությունը չի կատարում իր առջև դրված խնդիրները, եվ խոսքը Ազգային ժողովի ամբողջ կազմի, այդ թվում՝ ընդդիմության մասին է. Արշակ Կարապետյան

Իմ նախաձեռնությամբ ստեղծված Հայաստանի Ազգային հպարտության տրիբունալը շաբաթներ առաջ հրապարակեց իր իրավա-քաղաքական որոշումը, ըստ որի Նիկոլ Փաշինյանը բռնել է հայ ժողովրդին և մեր պատմական հայրենիքը դավաճանելու ուղին։ Համաձայնության գալով Հայաստանի թշնամիների հետ՝ մեղադրյալը ինքնակամ հանձնել է Արցախը, արցախցիներին զրկել տնից ու ընտանեկան օջախից, դատապարտել տառապանքի ու թափառման։ Նշվում է նաև, որ վարչապետի պաշտոնը զբաղեցնելու ընթացքում Նիկոլ Փաշինյանը կոպիտ կերպով խախտել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը։ Տրիբունալը կազմված է պրոֆեսիոնալ իրավաբաններից, պատմաբաններից, միջազգային հեղինակություն ունեցող մասնագետներ, և նրա հրապարակած փաստաթուղթը պատմական նշանակություն ունի։
Այն արդեն ներկայացրել ենք թե՛ ընդդիմությանը, թե՛ Սահմանադրական դատարանին։ Մենք դեռ կարճ ժամանակ կսպասենք Տրիբունալի որոշման արձագանքներին, որից հետո ունենք հետագա քայլերի նախատեսված ցանկ, որոնք առայժմ չեմ բացահայտի։ Առիթ կլինի՝ դրանց մասին էլ կխոսենք։ Տրիբունալի աշխատանքները, վստահեցնում եմ ձեզ, շարունակվելու են։ Մենք այսօր կանգնած ենք կործանման առջև։ Նման իրավիճակում Հայաստանը վերջին հարյուր տարում, անգամ Ցեղասպանության ժամանակ չի եղել։ Այսօր չկա այնպիսի տարածք մեր տարածքում, որտեղ կարող ենք ասել, որ անվտանգ ենք։ Եվ դրա միակ մեղավորն ու պատասխանատուն գործող իշխանությունն է՝ իր դավաճանական քաղաքականությամբ։ Իշխանությունը չի կատարում իր առջև դրված խնդիրները, եվ խոսքը Ազգային ժողովի ամբողջ կազմի, այդ թվում՝ ընդդիմության մասին է։
Գործող իշխանության, խորհրդարանական ընդդիմության գործողություններին գնահատական տալն այլևս ժամանակավրեպ է։ Պետք է նայել առաջ, բոլոր ջանքերը գործադրել դավաճանական իշխանություններին հեռացնելու, մեր երկիրը զարգացման հիմքերի վրա դնելու, նոր հաղթանակներ կերտելու համար։

Համահայկական ճակատ շարժման և կուսակցության առաջնորդ Արշակ Կարապետյան