Հայաստանը այս ընտրական պրոցեսներից առաջ հետաքրքիր իրավիճակում է, իշխանության հիմնական առաջատար մրցակիցը 9 ամիս գտնվում է կալանքի տակ, փաստացի իշխանությունը պայքարում է նրա նկարի դեմ միայն։ Այս մասին, այսօր՝ մարտի 13–ին, հակակոռուպցիոն դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Նարեկ Կարապետյանը։
«Նրա խոսքի ազատությունը սահմանափակված է։ Մենք քննչական կոմիտե նամակներ ենք գրել, պատասխանները դրական չենք ստացել, հաստատում չենք ստացել։ Ստացել ենք պատասխան, որ մենք իրավասու չենք դատարանի վճիռը մեկնաբանենք։ Մենք հարցրել ենք՝ իրավունք ունի՞ Սամվել Կարապետյանը հանդես գա իր դեմքով հայտարարությամբ, պատասխանը եղել է այդպես լղոզված։
Պատկերացրեք մի իրավիճակ մեր երկրում, որը երբեք գրեթե չի եղել, իշխանության հիմնական մրցակիցը, ումից իրենք փաստացի մեծ վախ ունեն, նրա խոսքը սահմանափակված է։ Բայց անգամ դրանից հետո բոլոր հարցումները ցույց են տալիս, որ մեր հասարակությունը աջակցում է Սամվել Կարապետյանին և նրա ուժի։ Մեր հասարակությունը մեծ փոփոխության կարիք ունի։
Անգամ իրենց հարցումներով իրենք ընդամենը հասարակության 24%-ի աջակցությունն են վայելում, 70%-ը մեր հասարակության դեմ է իրենց։ Նրանք պայքարելով Սամվել Կարապետյանի նկարի դեմ, փաստորեն նկարին էլ են պարտվում։ Դուք պատկերացնում եք, մարդը գնում է ընտրության, իր հիմնական մրցակցի նկատմամբ բոլոր սահմանափակումները կիրառում է, բայց էլի չի կարողանում»,–ասաց Նարեկ Կարապետյանը։
Նա համոզմունք հայտնեց, որ վերջին հարցումներից հետո իշխանությունների վախը ավելացել է և նրանք ամեն ինչ անելու են, որ Սամվել Կարապետյանը մնա տնային կալանքի տակ։





