«Իրավունք».Իրականում ինչ առնչություն ունի նախկին թաղապետի եղբայրը հայտնի ծեծկռտուքի հետ

«Իրավունք» թերթը գրում է. «Ինչպես արդեն հայտնել էինք, Շենգավիթ վարչական շրջանի արդեն նախկին ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը երկու ամսով կալանավորվել է: Հիշեցնենք, որ ՔՊ-ական Մկրտչյանը ձերբակալվել է ՔՊ Շենգավիթի տարածքային կառավարման խորհրդի նախագահ Տիգրան Մակարյանին ծեծի ենթարկելու եւ նրա ազատությունը սահմանափակելու մեղադրանքով:

«Իրավունք»-ը փորձեց տեղեկանալ, թե ինչ ընթացքի մեջ է այժմ գործը եւ խոսեց Ռազմիկ Մկրտչյանի հոր՝ իրավապաշտպան Սամվել Մկրտչյանի հետ:
Վերջինս խոսքերով՝ նա որեւէ ինֆորմացիայի չի տիրապետում, անձամբ այդ գործին առնչվող որեւէ գործառույթ չի ծավալում:

«Վստահ եմ մի բանի վրա, որ այն, ինչի հիման վրա աղմուկ են բարձրացրել, չի համապատասխանում իրականությանը, քանի որ ես լավ եմ ճանաչում իմ որդուն»,- ասաց Մկրտչյանը:

Կապ հաստատեցինք նաեւ Ռազմիկ Մկրտչյանի փաստաբան ՀՐԱՆՏ ԴԱԴՈՅԱՆԻ հետ, ով բոլորովին վերջերս հրապարակում էր կատարել եւ հերքել մամուլում տեղ գտած հրապարակումներից մեկը, թե՝ արդեն հայտնի «ծեծին մասնակցել են փողթաղապետները եւ թաղապետի եղբայրը»: «Չի համապատասխանում իրականությանը», — պնդել էր նա:

— Պարոն Դադոյան, ի՞նչը չի համապատասխանում իրականությանը: Կմանրամասնե՞ք:

— Թերթերից մեկը գրել էր, որ նախկին թաղապետի եղբայրն ու տեղակալները մասնակցել են Տիգրան Մակարյանի ծեծին, սակայն նման բան չի եղել, եւ միջադեպին չեն մասնակցել ո՛չ թաղապետի տեղակալները եւ ո՛չ էլ առավել եւս նրա եղբայրը՝ Վարդան Մկրտչյանը: Ես նույնիսկ տվյալ թերթին ասացի, որ կարող են զանգել տուժողին եւ ճշտել` նման հանգամանք կա, թե՝ ոչ: Ըստ էության, կարծես թե, փոփոխություն կատարվել է նյութի մեջ, եւ եթե չեմ սխալվում, գրվել է, թե իբր միայն ներկա են եղել միջադեպին: Սակայն պիտի ասեմ, որ Ռազմիկ Մկրտչյանի եղբայրը նույնիսկ ներկա չի եղել: Միջադեպի վերջին պահին է միայն եկել, հավաքված մարդկանց է տեսել, ասել է թե՝ այս ի՞նչ է կատարվում, եւ գնացել է: Այսինքն՝ Վարդան Մկրտչյանը որեւէ մասնակցություն չի ունեցել: Անգամ տուժողը չի ասում, որ նա մասնակցել է միջադեպին:

— Այս պահին ի՞նչ փուլում է նախաքննությունը:

— Ոչինչ ասել չեմ կարող, քանի որ նախաքննության փուլում է գործը: Միայն կասեմ, որ օբյեկտիվ քննութուն է կատարվում»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։