Իրանը խափանել է «Զանգեզուրի միջանցք» ստեղծելու փորձը. Ալի Խամենեիի խորհրդական

Իրանը խափանել է «Զանգեզուրի միջանցք» ստեղծելու փորձը։ Այս մասին հայտարարել է ԻԻՀ գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին, հաղորդում է Tasnim-ը։
Նրա խոսքով՝ Իրանը երբեք այնքան հզոր, անկախ և ազդեցիկ չի եղել, որքան այսօր է։ Այդ հզորության վառ նշաններից մեկը Իրանի արագ և վճռական արձագանքն էր Հարավային Կովկասի տարածաշրջանում ստեղծված ճգնաժամին։

«Երբ որոշ երկրներ փորձում էին Նախիջևանը կապել Ադրբեջանի հետ Հայաստանի միջոցով՝ «Զանգեզուրի միջանցք» ստեղծելու պատրվակով, նախագիծ, որը, ըստ էության, կնշանակեր մասնատում և դեպի Եվրոպա իրանական միջանցքի արգելափակում, Իրանի Իսլամական Հանրապետությունը վճռականորեն դեմ արտահայտվեց այդ ծրագրին և խափանեց դրա իրականացումը», – ասել է Վելայաթին։
Վելայաթին պնդում է, որ Ջո Բայդենը ԱՄՆ նախագահի պաշտոնում խոստովանել էր, որ ամեն ինչ պատրաստ էր միջանցքը գործարկելու համար, բայց հենց Իրանն էր, որ թույլ չտվեց այդ նախագիծը կյանքի կոչել։

«Այս հայտարարությունը վկայում է այն մասին, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը, նույնիսկ առանց Ռուսաստանի աջակցության, կարողացել է խելամիտ դիվանագիտության օգնությամբ պահպանել անվտանգությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում և կանխել ՆԱՏՕ-ի ներթափանցումը», – հայտարարել է Վելայաթին։
Նա նշել է, որ Իրանի հմուտ և ռազմավարական ներկայությունը Հարավային Կովկասում ոչ միայն ազգային շահերի պաշտպանությունն է, այլև տարածաշրջանի գործերին արտաքին միջամտության ուժեղ խոչընդոտ։

Վելայաթին ընդգծել է, որ «Զանգեզուրի միջանցքի» վերջնական նպատակը ոչ միայն Իրանին հյուսիսային ուղղությունից կտրելն էր, այլև Ռուսաստանի շուրջ օղակը հարավից շրջապատելն ու փակելը։ Սակայն այդ նախագիծը ևս ձախողվեց։
Նշենք, որ Թեհրանը հետևողականորեն դեմ է հանդես գալիս Հայաստանով արտատարածքային միջանցքին, որը պահանջում են Թուրքիան և Ադրբեջանը։

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։