Չեմ կարծում՝ որևէ մեկը կասկածում է, որ Թուրքիան և մի քանի այլ երկրներ անմիջական ազդեցություն են ունեցել Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների վրա, AFP-ին տված հարցազրույցում ասել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։
«Չեմ կարծում՝ որևէ մեկը կասկածում է, որ Թուրքիան և մի քանի այլ երկրներ անմիջական ազդեցություն են ունեցել Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների վրա։ Եվ հետևաբար, այժմ ծագած խնդիրների, ինչպիսիք են Իսրայելի կողմից սիրիական տարածքի լայնածավալ օկուպացիան, Իսրայելի կողմից Սիրիայի ողջ պաշտպանական և գիտական ենթակառուցվածքների ոչնչացումը և դրա հետևանքով առկա բոլոր հակամարտությունների պատասխանատվությունը, բնականաբար, կրում են նրանք, ովքեր իրականացրել են այդ փոփոխություններն ու զարգացումները»,- ասել է Իրանի արտգործնախարարը։
Սակայն, նրա խոսքով, դա չի նշանակում, որ Իրանը հակամարտության մեջ է Թուրքիայի հետ։
«Ոչ, մենք կշարունակենք մեր բարեկամական հարաբերությունները և մեր խորհրդակցությունները տարածաշրջանային հարցերի շուրջ»,- հավելել է Աբբաս Արաղչին։
Ավելի վաղ Իրանի արտաքին գործերի նախարարը զգուշացրել էր Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանին, որ Սիրիայում անկայունությունը միայն ծառայում է Իսրայելի ռեժիմի շահերին և գործողությունների ազատություն կտա ահաբեկիչներին ու ծայրահեղական խմբավորումներին: