ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության ստորաբաժանումը սեպտեմբերի 2-ից անցկացնելու է «Զգուշացե՛ք, երեխաներ են» կարգախոսով 10-օրյա միջոցառում։ Այս մասին հայտնում է ՀՀ ՆԳՆ մամուլի ծառայությունը։
Միջոցառումն իրականացվելու է նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ։
«Հանրապետության բոլոր հանրակրթական դպրոցների և այլ ուսումնական հաստատությունների հարակից տարածքներում իրականացվելու է ուժեղացված ծառայություն»,– ասված է հաղորդագրությունում։
ՆԳՆ–ն հորդորում է, որ ծնողները տարրական դասարանների երեխաներին ուղեկցեն և չթողնեն առանց հսկողության, տրանսպորտային միջոցները չտրամադրեն անչափահասներին, երթևեկելիս լինեն խիստ ուշադիր և պահպանեն ճանապարհային երթևեկության կանոնները, մեքենաները չկայանել արգելվող գոտիներում` 2-րդ շարքում կամ հետիոտնային անցումների վրա։
Գերատեսչությունը կոչ է անում նաև ցուցաբերել օրինապահ վարքագիծ, պահպանել ճանապարհային երթևեկության կանոններն ու հասարակական կարգը։