«Ինձ կհիշեն ամեն անգամ օրը բացվելիս»․ Հովհաննես Պապիկյանի գիրքը՝ նվիրված Համո Սահյանի ծննդյան 110 ամյակին

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՊԱՊԻԿՅԱՆ, «ԻՄ ՊՈԵՏԸ»
Գիրքը նվիրված է Համո Սահյանի ծննդյան 110 ամյակին:

Ես առաջին անգամ սրտի թրթիռով բացեցի այս գիրքը և Հովհաննես Պապիկյանի հետ մեր հանդիպումները հերթականորեն անցան աչքերիս առջևով: Բոլոր շփումները դրական հետքեր էին թողնում հոգեաշխարհիս շերտերին: Նրա անմիջական, ըմբռնումով տեսակը դառնում էր հարազատ ու ես հասկանում էի, թե որքան մեծ առաքելություն է գործ ունենալ արվեստի ու գրի մարդկանց հետ, անհատականությունների ընկերը դառնալ, ճաշակել իմացության խորքերը թափանցած մարդկանց հոգու հարստությունը, կիսվել ներքին մտահոգու-թյուններով ու հավատալ, որ կյանքը՝ ետևում մնացած հետևանքներով, ներկայի անտարողունկությամբ, և թե գալիք օրերին, խոստանում է ջինջ ու լուսեղեն մտահղացումներ, որոնք կհարստացնեն հայ արվեստի ու գրականության պատմական էջերը:

«Հովհաննես Պապիկյան» գրողն այնքան «շա՛տ էր», որ ես անվերապահորեն զգում եմ նրա կենդանի ներկայությունն ա՛յս պահի մեջ: Գերզգայունությունը շնորհ է, այդ շնորհով էլ օժտված էին Մեծ անհատը՝ Հրանտ Մաթևոսյանի ասած՝ «Ոսկեբերան Համոն ու մեր երջանկահիշատակ գրող, արձակագիր, լրագրող, հրապարակախոս՝ Հովհաննես Պապիկյանը: Կա՛ն, մեծ հետքեր թողնող անհատականություններ, ում մասին մոռանալը վատթարագույն կերպն է, որ կարող է կարգին մարդն իրեն երբևէ թույլ տալ:
Իսկ ի՞նչ է թողել հանճարը՝ Համոն, ի՞նչ ահռելի հարստություն, որի մեջ թաթախվելիս պետք է մոռանալ ամեն ինչ, դառնալ հենց ի՛ր, բանաստեղծի մի մասնիկը, ձուլվել նրա մտածողությանն ու խոսքին, խորհրդածություններին ու վերլուծությանը, մտորումներին ու տողերի տակ անգամ տողատակեր որսալ, անհատապես մենանալով դառնալ բնության կառավարելի թրթիռ՝ նրա բյուր հրաշքներն առնելով ափերիդ մեջ:
Այդ հրաշքներից մեկը դարձավ 1989 թվականին Սիսիանի Շամբի ձոր կոչվող ծիրանուտում նկարահանված «Իրիկնահացի հրավեր» ֆիլմը՝ Հովհաննես Պապիկյանի մասնակցությամբ:
«Համո Սահյանին Աստված տարավ իր մոտ, և երկինքը ավելի փառավորվեց», իսկ մենք մի քիչ աղքատացանք Մեծ անհատի ֆիզիկական բացկայությունից: Համո Սահյանը գնալիս ասաց. «Հիշեք, որ աշխարհում մի Համո Սահյան է եղել»:
Դեռ շա՜տ վաղուց, ինձ մոտ արտահայտված սովորություն է՝ անհատներին որոշ չափով նույնացնել իրենց ներկայացրած անհատականությունների հետ: Որպեսզի այս ընթացքը կատարյալ արդյունք ունենա, պետք է լավագույնս ուսումնասիրել, ապրել, նույնանալ տվյալ հեղինակի հետ, անսխալ ու ճիշտ նրա որակներն ի դրև հանելու համար: Այս դեպքում կարելի է երախտագիտություն հայտնել երջանկահիշատակ Հովհաննես Պապիկյանին, այսպիսի բարձրարժեք գրական ամբողջացում ստանալու համար՝ գրքի խոր բովանդակությամբ, ծավալուն լրահոսքով, գրքի խոսուն շապիկով,Սահյանական գրին հարիր բառարվեստով, իր կյանքի ու ստեղծագործության «կանաչ-կարմիր աշխարհի կտավին»:
Անբացակա Համոն նույնացավ աշխարհի անհունով հոսող ներդաշնակող գայթակղությանը՝ հավերժորեն ապրելու մարդու հոգում և սրտում, մեծերի հետ՝ մեծ, փոքրերի հետ՝ փոքր, թիկունք դարձրած փառքի բացասող մղումներին, իր ներքինին հակասող խստությամբ, ինքնահաստատ խորքով ու անդավաճան էությամբ:
Գիրքը «խոսում է» հանճարի կյանքը, կենտրոնացնում յուրաքանչյուր փոքրիկ մասնիկի վրա, ապացույցներ գտնում իրողություններ ճշգրտելու, ասելիքը տեսանելիության աստիճանի բնահուն կերպով մատուցելու համար:
«Իմ բաժին բախտը ինձ շատ է նեղել, ես քո բախտով եմ բախտավոր եղել», «Աստծո ափի մեջ պատրաստված փլավ եղիր», «Հնարամիտ, կորովամիտ, սրամիտ, ինչ-որ տեղ մանկամիտ ու ծուռ մեր ժողովուրդը: Ինչ լավ է, որ հայ ենք»: Մեր դասականների մարգարտյա խոսքերն են՝ իրենց ներքինի նման բյուրեղյա, իրենց ներշանչնքի պես առատահուն:
Շնորհավոր 110 -ամյա փառահեղ տարեդարձդ Բանաստեղծ, չէ՛, հանճարեղ բանաստեղծ, աստղածին, հողածին, լուսածին Համո…
Պապիկյանը սիրեց «Իր Պոետին», որ մենք ու ժամանակը ճիշտ գնահատենք գրողի անհատականությունը, իսկ բանաստեղծը սիրեց աշխարհն ու մարդուն: Այս շղթայական սիրո մեջ կապրի ու կանմահանա ՄԵՐ ԵՐԿԻՐԸ, ՄԵՐ ԺՈՂՈՎՈՒՐԴՆ ՈՒ ՄԵՐ ՄԱՅՐԵՆԻՆ:
ԱՄԵՆ:
Լենա Հարությունյան

ՀԳ․ Ի դեպ, օգոստոսի 25-ին, ժամը 15-00֊ին, Համո Սահյանի անվան գրադարանում տեղի կունենա հուշ֊ցերեկույթ’ նվիրված լրագրող, հրապարակախոս, ՀԳՄ անդամ Հովհաննես Պապիկյանին։
Սիրով հրավիրում են բոլորին։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։