ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ինչքան անլուրջ եք մոտեցել՝ Իրանում պատերազմի առաջին օրը անհոգ պերաշկի եք ուտում.Խամոյանը՝ Փաշինյանին

Սադրողը դուք եք, մենք պատգամավորներ ենք, որոնք ձեզ հարցեր են տալիս, և դուք պարտավոր եք պատասխանել։ Այս մասին, այսօր՝ մարտի 4–ին, ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը՝ անդրադառնալով դրանից առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որտեղ նա Գառնիկ Դանիելյանին ասել էր, որ վերջինս ոչ թե հարց է տալիս, այլ սադրանքով է զբաղված։

Նա ընթերցեց Արտաքին հետախուզական ծառայության զեկույցից մի հատված, որտեղ նշվում է, որ «Իսրայել–Իրան հնարավոր պատերազմը կընդլայնի ՀՀ անվտանգության խնդիրների շրջանակը, միգրացիոն և այլ տեսակի վտանգի աղբյուր հանդիսացող խմբերի շարժերի կառավարման, տնտեսական, լոգիստիկ խնդիրների առաջացման, ինչպես նաև Հարավային Կովկասում խաղաղության ամրապնդման գործընթացը վտանգող ռիսկերի բազմազանեցման առումով։ Իրանում անկայունությունների աճն էլ ավելի կընդլայնի Հայաստանի անվտանգային ռիսկերը»։

«Սա ոչ Կրեմլի ագենտների, ոչ հիբրիդային պատերազմի հեղինակների, ոչ էլ ընդդիմադիր գործիչների խոսք է։ Սա ձեր կողմից ստեղծված արտաքին հետախուզական ծառայության 2026–ի զեկույցն է։ Որքա՞ն անլուրջ եք մոտեցել Արտաքին հետախուզական ծառայության այս զեկույցին, որ Իրան–Իսրայել–ԱՄՆ պատերազմի առաջին օրը անհոգ պեռաշկի էիք ուտում ձեր քարոզարշավային ավտոբուսում»,–ասաց նա։

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանն ասաց. «Ձեր հարցը ծայրից ծայր նրա մասին է, որ ՀՀ–ում կան ինստիտուտներ, որ անկախ նրանից,թ ե վարչապետը որտեղ է, կամ ինչով է զբաղված, վարչապետն ու կառավարությունը հոգ են տարել, որ այդ ինստիտուտներն աշխատեն։ Ընդ որում, այն, ինչ տեղի է ունենում Իրանում, եթե ձեզ համար նորություն է, ՀՀ պետական ինստիտուտների համար նորություն չէ։ Այս իրավիճակը տարիներով է զարգանում։

Հիմա եթե դուք հնարավորություն ունենայիք, տասնյակ ուրիշ այդպիսի զեկույցներ կտեսնեիք, որոնք եկել են, անցել են վարչապետի աշխատասեղանի վրայով, համապատասխան ընթացակարգերով։

Իհարկե, մենք շատ ցավում ենք Իրանի Իսլամական Հանրապետությունում և շուրջը տեղի ունեցող իրադարձությունների մասին, մենք Իրանում ծավալվող իրադարձություններից մի օր առաջ էլ ենք Անվտանգության խորհրդի նիստ ունեցել, մի օր հետո էլ ենք Անվտանգության խորհրդի նիստ ունեցել։ Այդ նույն շաբաթը պաշտպանության նախարարը այցով եղել է Իրանում, Անվտանգության խորհրդի ներքո բավական երկար ժամանակ գործում է միջգերատեսչական աշխատանքային խումբ, որը երեկ չի ստեղծվել։ Այդ աշխատանքային խումբը գործում է ամիսներով ամենօրյա ռեժիմով։

Հետևաբար ձեր հարցի համատեքստում անհասկանալի է՝ ինչի՞ Ազգային Ժողովի նիստը չենք չեղարկել ընդհանրապես, որ գանք այստեղ, ասենք, հազար ներողություն, ինչ-որ սադրիչ, անկապ հարցեր հնչեն, մենք դրանով պետությունը վտանգե՞նք։ Ի՞նչի եք նիստ անում, չեղարկեք նիստը, էս երեխեքին ինչի՞ եք բերել այստեղ նստացրել։

Որ ինձ ասում եք՝ պեռաշկի ենք ուտում, ձեզնից չի երևում, որ ինչ-որ հացադուլ հայտարարած և քուրձ հագած վիճակում եք։ Ինչի՞ գլուխներիդ մոխիր լցրած չի ձեր խմբակցության և ինչի քուրձ չեք հագել։ Կամ ինչի՞ չեք ինքնահրկիզվում ընդհանրապես, ես չեմ հասկանում։

Ընդհանրապես ես չեմ տեսնում պատճառ, որ ՀՀ կառավարող մեծամասնությունը սեփական քաղաքացիների հետ շփվելուց հրաժարվի։ Իմիջիայլոց պեռաշկու տեղը կարանք ասենք, որ եթե հանկարծ շատ սովեք, դուք էլ ուտեք»։

Խամոյանը նկատեց, որ բոլորը պեռաշկի էլ են ուտում, ջուր էլ են խմում. «Բայց երբ Արտաքին հետախուզական ծառայությունը կանխատեսում է որ Իրանում անկայունությունների աճն էլ ավելի կընդլայնի Հայաստանի անվտանգային ռիսկերը, և դուք պատերազմի առաջին օրը պեռաշկի եք ուտում, հարցը հետևյալն է, թե դուք ի՞նչ ազդակ եք ուզում տալ Հայաստանի քաղաքացիներին։ Երբ որ դուք անհոգ պեռաշկի եք ուտում, այդ պեռաշկին շատ սիմվոլիկ է, դա ոչ թե անվտանգության ցուցիչն է, այլ ձեր ոչ ադեկվատության ցուցիչն է։ Տեսեք, թե քանի ռիլեր ու վիդեոներ կան այդ տեսարանի հետ կապված։

Իսկ ավելի անկեղծ, ձեզ բացառապես մի բան է հետաքրքրում, պարոն Փաշինյան, ձեր աթոռի պաշտպանությունը ու դրա համար դուք ամեն ինչ կանեք, ամեն ինչ»,–ասաց Խամոյանը։

Նիկոլ Փաշինյանը նկատեց. «Երբ մենք պեռաշկի էինք ուտում և այդ տեսանյութը տարածվեց համացանցով, այդ թվում միջազգային, Մերձավոր Արևելքի մի շարք հարգելի գործընկերներ այդ տեսանյութից հետո որոշեցին գնալ և հրապարակային ռեստորաններում ճաշել՝ ցույց տալու համար, որ իրենց քաղաքացիները անհանգստանալու բան չունեն և իրավիճակը կոնտրոլի տակ է»։

 

 

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։