Երբ մարտի 31-ին «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը դաշինքի ստեղծման վերաբերյալ հուշագիր ստորագրեց «Նոր դարաշրջան» կուսակցության նախագահ Հարություն Հարությունյանի և «Միավորված հայեր» կուսակցության պատվավոր նախագահ, լիազոր ներկայացուցիչ Նաիրի Սարգսյանի հետ, պարզ էր, որ Սամվել Կարապետյանի կողմից հիմնադրված քաղաքական ուժի շուրջ տեղի է ունենալու ընդդիմադիր դաշտի քաղաքական լայն համախմբում: «Ուժեղ Հայաստան»-ին պաշտպանելու մասին հայտարարություն տարածեցին նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը, և նախկին արտգործնախարար, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը: Նրանք չեն միանում «Ուժեղ Հայաստան»-ի ստեղծած դաշինքին, բայց հայտարարում են՝ ընտրություններին չմասնակցելու մասին և իրենց քաղաքական աջակցություն են հայտնում «Ուժեղ Հայաստան»-ին:
Իսկ «Հայաստանի հանրապետական» կուսակցության համագումարից հետո, որի ժամանակ կուսակցությունը պաշտանապես հայտարարեց ընտրություններին չմասնակցելու իր որոշման մասին, կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ «Ուժեղ Հայաստան»-ին է համարում ընդդիմադիր դաշտի առաջատար ուժը: Ավելի վաղ «Ուժեղ Հայաստան»-ի շուրջ կոնսոլիդացվելու պատրաստակամության մասին հայտարարել էր նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը:
Այս պրոցեսը շարունակական է լինելու և առաջիկայում նոր կուսակցություններ են հայտարարելու «Ուժեղ Հայաստան»-ին սատարելու մասին: Ինչու է դա տեղի ունենում: Բոլոր իսկապես ընդդիմադիր ուժերի համար պարզ է, որ առաջիկա խորհրդարանական ընտրությունների ժամանակ հասարակության ընդդիմադիր հատվածը, որպես ֆավորիտ, համարում է «Ուժեղ Հայաստան»-ին և «Բարգավաճ Հայաստան»-ին, վերջինիս շուրջ ևս տեղի է ունենում համախմբում:
Գործող իշխանության դեմ պայքարող կուսակցությունների համար պարզ է, որ նման պայմաններում միայնակ մասնակցել ընտրություններին, կնշանակի փոշիացնել ընդդիմադիր ընտրազանգվածի ձայները, այսպես ասած՝ ձայն փախցնել ընդդիմությունից, դրանով նպաստելով իշխանության վերարտադրմանը: Իսկ դա թույլ չտալու միակ ճանապարհը հանրային առավել մեծ աջակցություն վայելող ուժերին սատարելն է, սեփական աջակիցներին կոչ անել՝ ձայն տալ ուժեղ և իշխանությանը հաղթելու իրական հնարավորություն ունեցող ուժին կամ ուժերին:
Արդյոք սկսված պրոցեսը նշանակում է, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններին կմասնակցի 3-4 կուսակցություն, իսկ մնացածները կմիանան այս կամ այն ուժին: Իհարկե նման բան չի լինի: Քաղաքական դաշտում գործում են բազմաթիվ կեղծ, կամ իշխանության կողմից կառավարվող քաղաքական ուժեր, որոնք հայտարարելու են ընտրություններին ինքնուրույն մասնակցելու իրեց մտադրության մասին: Այդ ինքնուրույնությունը չակերտավոր է, որովհետև ինչպես նշեցինք, դրանք կառավարվում են իշխանության կողմից, և ընտրությանը մասնակցելու են իշխանությանը աջակցելու և ընդդիմադիր էլեկտորատից ձայն փախցնելու պետպատվերի շրջանակներում:
Ինչպես տարբերել կեղծ և անկեղծ ընդդիմադիր ուժերին: Ինչպես նշեցինք, անկեղծ ընդդիմադիր ուժերը, որոնք իսկապես շահագրգռված են Հայաստանը փաշինյանական ռեժիմից ազատելու հարցում, հայտարարում են ընտրություններին իրենց չմասնակցության մասին և իրենց աջակցությունն են հայտնում հանրային ավելի մեծ վստահություն վայելող ուժերին:
Կեղծ կամ իշխանության կողմից կառավարվողներին ավելի հեշտ է տարբերել. սրանք կուսակցություններ են, որոնք որևէ մասնակցություն չեն ունեցել հանրային քաղաքական կյանքում և ասպարեզ են մտել միայն ընտություններից առաջ՝ հատուկ առաջադրանքով: Սրանց թույլատրված է քննադատել իշխանություններին, իբրև թե ընդդիմադիր շղարշ ստեղծելու համար, բայց նրանց քննադատության հիմնական սլաքն ուղղված է լինելու իրական ընդդիմության դեմ, որը ձևակերպվելու է իբրև թե պայքար՝ նախկինների կամ Ռուսաստանից ուղարկված օլիգարխների դեմ: Ով բերանը բացում է և խոսում է նախկինների դեմ պայքարից կամ խոսում է օլիգարխիայի դեմ պայքարից, հավասարության նշան է դնում Փաշինյանի և նրա ռեժիմի դեմ պայքարող հիմնական ընդդիմադիր ուժերի միջև, ուրեմն իմացեք՝ իշխանության կողմից կառավարվող է, անկախ նրանից մորուք ունի, թե սափրված է, գանգրահեր, սևահեր է, թե՝ ալեհեր:
Սրանք, իհարկե, հանրային որևէ աջակցություն չունեն, բայց ընտրական միաջավայրն աղտոտել կարող են: Բոլորը միասին կտանեն մի քանի հազար ձայն. իրենց ու իրենց հարազատերի, մի քիչ էլ իրենց քարոզչությանը զոհ դարձած միամիտների ձայները: Իհարկե, դա ևս կորուստ է, բայց հավատացեք , որ իրենք տանում են նաև իշխանության ձայները, քանի որ եթե ինքնուրույն չմասնակցեին՝ հաստատ քվեարկելու էին ՔՊ-ի օգտին:
Armlife.am





