Հունվարի 16-ին Նիկոլ Փաշինյանի ենթակայության տակ գտնվող դատախազություն կոչվող մարմինը` Վերաքննիչ դատարան կոչվող մարմնում, բողոքարկել էր առաջին ատյանի դատարան կոչվող մարմինի ավելի վաղ կայացված որոշումը: Վերաքննիչն էլ հնազանդորեն կատարել էր բողոքարկման պահանջը, որի արդյունքում հայտնի գործարար, բարերար, Նիկոլի իշխանության հիմնական ընդդդիմադիր, «Մեր ձևով» շարժման առաջնորդ Սամվել Կարապետյանը կրկին հայտնվեց կալանավայրում: Հետո հայտնի դարձավ, որ Հակակոռուպցիոն կոչվող դատարանը բեկանել է Վերաքննիչի որոշումը և Կարապետյանն ազատ է արձակվելու: Ակնհայտ է, որ Հայաստանում չկա արդարադատություն՝ դատարաններ , գլխավոր դատախազություն կամ այլ պետական մարմին, դրանք ռեժիմի ձեռքի բռնության գործիքներն են՝ իր հակառակորդներին ճնշելու, լռեցնելու համար, և բոլոր այդ մարդիկ կատարում են Փաշինյանից իջեցված հրահանգները։
Ուստի պետք է հասկանալ, թե ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը նախ տնային կալանք տվեց Սամվել Կարապետյանին, հետո տնային կալանքը փոխեց բանտային կալանքով, իսկ երկու օր հետո այն նորից փոխեց տնայինով: Այն, որ նա կարող է ամեն օր մի նոր որոշում կայացնել, և նրա հպատակները նրա ձեռքը կրակն են ընկել, ամենամեղմ ձևակերպումով փաստ է, բայց կան այլ հանգամանքեր ևս:
Որպիսի հասկանանք, թե ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը հրահանգեց կրկին կալանավորել Սամվել Կարապետյանին, և ապա նորից ազատ արձակելու որոշում կայացրեց, պետք է հասկանանք, թե անցած տարեվերջին ինչո՞ւ նա որոշեց փոխել խափանման միջոցը և Կարապետյանին կալանավայրից տուն գնալու հնարավորություն տվեց: Փաշինյանն ուներ մի քանի մոտիվացիա. դրանց կանդրադառնանք առանձին առանձին:
Մոտիվացիա 1. Բանտայինը տնային կալանքով փոխարինելով՝ Նիկոլ Փաշինյանը հույս ուներ վարկաբել Կարապետյանին: Սամվել Կարապետյանի ազատ արձակումից անմիջապես հետո նիկոլական քարզչությունը սկսեց տարածել, թե Փաշինյանի և Սամվել Կարապետյանի միջև գործարք է տեղի ունեցել, որ Կարապետյանն ազատության դիմաց համաձայնվել է հրաժարվել հականիկոլական պայքարից, Հայաստանը ազատագրելու մտքից: Այս քարոզչությունը չհասավ իր նպատակին` ընդհակառակը «Մեր ձևով» շարժումը ոչ միայն չդադարեցրեց իր գործունեությունը, այլ տոներից հետո ավելի լայն ընգրկում ստացավ, Շարժման հռետորաբանությունն ավելի կոշտացավ, Շարժմանը միացած անդամների թիվը էականորեն ընդլայնվեց:
Մոտիվացիա 2. Այս երկրորդը անմիջականորեն կապ ունի առաջինի հետ և դրա օրգանական շարունակությունն է: Փաշինյանը հույս ուներ, որ հանուն իր ազատության, Սամվել Կարապետյանը կհրահանգի իր կողմնակիցներին ավելի մեղմ քննադատել իշխանություններին, լինել ավելի զգուշավոր, այսպես ասած, չզայրացնել Փաշինյանին, որ նա էլ իր հերթին ավելի մեղմ գտնվի իր նկատմամբ, և նորից կալանքի հրաման չտա: Սա չստացվեց, և դրա վառ ապացույցը Նարեկ Կարապետյանի հունվարի 16-ին արված գրառումն էր: Անդրադառնալով Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի նիկոլական իշխանությանը աջակցություն հայտնելու հայտարարությանը Կարապետյանը գրել էր. «Թուրքիայի արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ Թուրքիան աջակցում է Փաշինյանին 2026 թվականի ընտրություններում։Մնում է պարզել միայն մեկ հարց՝ ո՞ր թվականից է Թուրքիան աջակցում Փաշինյանին՝ 2018-ից, 2020-ից, թե՞ 2023-ից։ Հավատամիտ իմ ժողովուրդ, մեզ միասնություն է պետք»:
Կարապետյանը իր այս գրառմամբ ակնարկում է, որ 2018 թվականի հակասահմանադրական հեղաշրջման հետևում ևս կանգնած է եղել Թուրքիան, և 2020 թվականի պարտությունն ու 2023 թվականի Արցախի վերջնական հանձնումն ու արցախահայերի հայրենազրկումը ևս կազմակերպվել է Թուրքիայի ցուցումով, փաշինյանական իշխանությունը հանդես է եկել այդ ցուցումը կատարողի դերում:
Մոտիվացիա 3. Անցած տարվա դեկտեմբերի վերջին Հայաստանում որոշ ամերիկամետ կամ ամերիկահպատակ գործիչներ լուրեր տարածեցին, որ հունվարի կեսերին Հայաստան է այցելելու ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, որ նա գալիս է իբրև թե Թրամփի ուղու հետ կապված ինչ– որ փաստաթղթեր ստորագրելու համար, և նրա այցից առաջ խնդիր էր դրվել որոշ չափով նվազեցնել քաղբանտարկյալների թիվը: Հնարավոր է, որ Նիկոլ Փաշինյանը մտածել է, որ երկրի թիվ մեկ ընդդիմադիրի կալանքը բանտայինից տնայինով փոխելով՝ ինքը կարող է իր ռեժիմի բռնապետական էությունը քողարկել: Բայց ԱՄՆ փոխնախագահն այլևս դժվար թե գա Հայաստան, քանի որ ԱՄՆ կանչվեց Արարատ Միրզոյանը և նա Վաշինգտոնում ստորագրեց բոլոր այն թղթերը, որոնք նրան դեմ էին տվել: Հետևաբար, բռնապետությունը քողարկելու անհրաժեշտությունը ևս վերացավ:
Մոտիվացիա 4․ Այն շատ ավելի տրիվյալ և կենցաղային է: Քանի որ տնային կալանքի համար Սամվել Կարապետյանը վճարել էր 4 միլիարդ դրամ որպես գրավ, չի բացառվում, որ մշտապես ֆինանսական խնդիրներ ունեցող ռեժիմի պարագլխին ամանորյա տոներից առաջ շտապ գումար է պետք եղել իր կամակատարներին պարգևատրումներ բաժանելու համար, և Նիկոլը իր բնավորության համաձայն, այսպես ասած, ֆինտ է արել, որոշել է այդ գումարը պարտքով վերցնել Կարապետյանից՝ նրան տնային կալանք տալու դիմաց: Հիմա երբ հրատապ այդ գումարի կարիքը չկա, քանի որ տոներից հետո տնտեսվարողները հարկեր են վճարում՝ հրահանգել է հետ վերադարձնել Կարապետյանից վերցված գումարը և նրան կրկին ուղարկել բանտ:
Ինչ վերաբերվում է հակակոռուպցիոն դատարան կոչվող մարմնի որոշմանը՝ չեղարկել կալանքի որոշումը, սրան կարող է երկու բացատրություն լինել. կամ պարզել են, որ բյուջեում այդ 4 միլիարդ դրամը չկա, որ վերադարձնեն Սամվել Կարապետյանին, բյուջեն ծակ է, կամ Նիկոլը իր ագահության պատճառով չի կարողանում բաժանվել Սամվել Կարապետյանին պատկանող այդ գումարից:
Անկախ ամեն ինչից ոչ միայն Սամվել Կարապետյանին, այլևս ամբողջ Հայաստանին և հայ հասարակությանը ազատություն պարգևելու միակ տարբերակը ռեժիմի և դրա պարագլխի հեռացումն է, որին, հուսանք, քիչ ժամանակ մնաց:
ArmLife.am




