Հայկական տիրույթում գործող լրատվական կայքերի մեծ մասը շուրջ 30 րոպե է անհասանելի են կամ գործում են խափանումներով։ Պատճառը՝ Cloudflare–ի խնդիրն է, NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց ՏՏ անվտանգության փորձագետ Սամվել Մարտիորսյանը։
«Գոյություն ունի հարթակ, որը կոչվում է Cloudflare, որը հակերային հարձակումների դեմ է։ Քանի որ հայկական մամուլը 2010–ականների սկզբից հիմնականում Ադրբեջանի կողմից նմանատիպ հարձակումների տակ է եղել, դրա համար բոլորը Cloudflare–ի վրա են նստած։ Cloudflare–ը հիմա ամբողջ աշխարհով խնդիր ունի. փաստացի ստացվում է, որ բոլոր այն կայքերը, որոնք դրա պաշտպանության տակ էին, դարձել են անհասանելի։ Սա գլոբալ խնդիր է, միայն մենք չենք։ Աշխարհի կայքերի մոտ քառորդ մասը իրենց պաշտպանության տակ է։ Ես առնվազն մոտ կես ժամ է՝ ֆիքսել եմ խափանումը։ Պետք է սպասենք, մինչև կարգավորվի»,– նշեց Մարտիրոսյանը։
Հարցին՝ հնարավո՞ր է սա հակերային հարցակման հետևանքով լինի, Մարտիրոսյանը չբացառեց։
«Տեսականորեն՝ ինչո՞ւ չէ, ուղղակի ոչ մի նման հիմք չկա այս պահին նման պնդում անելու»,– նշեց Սամվել Մարտիրոսյանը։




