Արցախում մենք անձնագրեր ստանում էինք 070 կոդով, եւ 2020-ին առաջին տեղահանումից հետո, ես Երեւանում անձնագիր ստացել եմ արդեն 001 կոդով: Այս մասին այսօր՝ օգոստոսի 30-ին, «Կոդ 070. ինչո՞ւ արցախցիները չեն կարողանում Շենգենյան վիզա ստանալ» թեմայով քննարկման ժամանակ նշեց տեղահանված արցախցի Լիզա Մաթևոսյանը:
«Դրանից հետո, երբ արդեն օրենք ընդունվեց, որ Արցախից բոլոր տեղահանվածներին տալիս են ժամանակավոր պաշտպանության վկայականը, ստիպված եղա անձնագիրս եւս մեկ անգամ փոխել, որպեսզի ստանամ այդ վկայականը, որովհետեւ այդ վկայականը տալիս են միայն 070 կոդ ունեցող անձնագրերին:
Դրանից հետո վիզա ստանալու համար դիմել եմ Լիտվայի դեսպանատուն և այնտեղ իմ թղթերն ուղղակի չվերցրեցին՝ հիմք ընդունելով 070 կոդը: Պարզաբանեցին, որ Լիտվայի ԱԳՆ-ն նման որոշում ունի: Արդյունքում իմ թղթերն ընդհանրապես չվերցրեցին, որ մերժեն կամ չմերժեն»,-ասաց նա:
Իր հերթին Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանն ասաց. «Այս տարվա սկզբին այդ խնդիրը չկար, համենայնդեպս, ես դրա մասին որեւէ տեղեկություն չէի ստանում, առաջին դեպքերը արձանագրվեցին մարտ-ապրիլին: Ես դեսպանատների մոտեցումները կբաժանեի երեք մասի. դեսպանատներ, որոնք առանց որեւէ խոչընդոտի տրամադրում են շենգենյան վիզա, խոսքը մասնավորապես Ֆրանսիայի դեսպանատան մասին է: Դեսպանատներ, որոնք երբեմն տարբերակված մոտեցում են ցուցաբերում, օրինակ, գիտեմ, որ նույն անձին Գերմանիայի դեսպանատունը մերժել է, ընթացք չի տվել, հետո հրավիրող կողմը առանձին նամակով դիմել է Գերմանիայի դեսպանատուն, որից հետո տվյալ անձին կանչել են նորից հարցազրույցի եւ տրամադրել են վիզան: Եվ կան դեսպանատներ, որոնք որեւէ ձեւով չեն ընթացքավորում եւ վիզա չեն տրամադրում: Այդ շարքում են Լեհաստանի, Լիտվայի, Չեխիայի, Իսպանիայի դեսպանատները»:
Նա հավելեց, որ խնդիրն իրենց կողմից բարձրաձայնելուց հետո տեղյակ է, որ դիվանագիտական ներկայացուցչությունների միջեւ այդ հարցով քննարկում է եղել եւ որոշում է կայացվել, որ ընթացքավորելու են դիմումները, սակայն հետո պարզվել է, որ այդպես չէ: «Փաստացի, ոչ թե դիմումը ընդունում ու մերժում են, այլ 070 կոդով անձնագիր ունեցողների դիմումն ընդհանրապես չեն ընդունում: Նաեւ դեսպանատներից կոնկրետ անձնաց պարզաբանել են, որ քանի որ ՀՀ կառավարության հայտարարությունների հիման վրա մենք չենք կարող հավաստիանալ, որ 070 կոդով անձնագրերը հավաստում են ՀՀ քաղաքացիության մասին, հետեւաբար, մենք չենք կարող ձեր դիմումն ընթացքավորել: Դա պաշտոնական հիմնավորումն է»,- ընդգծեց Ստեփանյանը՝ նկատելով, որ ԱՄՆ դեսպանատան հետ կապված նման խնդիր չկա, ինքն անձանդ 070 կոդով անձնագրով դիմել է եւ ստացել ԱՄՆ մուտքի վիզա:
«Լավ, եթե ասում եք, որ 070 կոդով անձնագիրը չի հավաստում ՀՀ քաղաքացիությունը, այլ դա ճամփորդական փաստաթուղթ է, ապա ասեք խնդրեմ, ինչու դա չեք դիտարկում որպես նորմալ ճամփորդական փաստաթուղթ: Դիտարկելու պարագայում իրենք չեն կարող մերժել եւ պետք է ընթացքավորեն վիզայի պրոցեսը եւ տրամադրեն վիզա»,- ընդգծեց նա: