Search
Close this search box.

Ինչո՞ւ Ալիևի մտքով մի անգամ չի անցել որպես փաստարկ բերել վարչատարածքային բաժանման օրենքը. Վարդանյանը՝ Սիմոնյանին

Կանխատեսելի էր, որ այս ժամերին հնչելու է ստի ու մանիպուլյացիայի ահռելի դոզա: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 22-ին, ԱԺ-ում հայտարարությունների ժամին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը:

Այնուհետև նա դիմեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին. «Նախ չհասկացա, ինչո՞ւ այդպես ջղայնացաք Արցախի դրոշներին նայելուց, պետք չէ զգացմունքները այդպես բացահայտ ցույց տալ: Ձեզ երբևէ հարց տվե՞լ եք, Ալե՛ն Սիմոնյան, ինչո՞ւ Ալիևի մտքով մի անգամ չի անցել այդ փաստաթուղթը բերի որպես Արցախի վրա իրավազորության տարածման հիմք: Բերեցիք հայտնաբերեցիք մի բան, որ Ադրբեջանը 30 տարի ման էր գալիս չէր գտնո՞ւմ:

3 տարի այս դահլիճից կրկնում եք՝ սրանով է ճանաչվել, այս ներքին օրենքով է ճանաչվել: Դա այնքան հիմարություն է, որ ոչ ոք ձեզնից բացի դա չի կրկնում: Մտածե՞լ եք այդ մասին:

Էդ ո՞նց է, որ Ադրբեջանի վերնախավը բացառապես ձեր հայտարարություններն ու ստորագրություններն է վկայակոչում որպես Արցախի վրա իրավազորության հիմք: Այդ թուղթը, որ ոչ ոքի պարծանքը չէ, զգացե՞լ եք, որ մենակ դուք եք ցիտում: Անգամ Ալիևը Սամվել Շահրամանյանի ստորագրած թուղթը չի վկայոկոչում որպես Արցախի վրա իրավազորության հիմք:

Դուք ձեզ հարց տվե՞լ եք՝ կարո՞ղ եք ընդհանրապես խոսել այն մասին, որ ինչ-որ մեկը ադրբեջանական նարատիվներ է տարածում: Ձեր ԱԳ նախարարին ձեր վարչապետի հայտարարություններով են պատասխանում»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը:

Խոսելով Հայաստանի Սահմանադրությունը փոխելու Ադրբեջանի պահանջների մասին՝ ընդդիմադիր պատգամավորն ասաց. «Բարեբախտաբար, այս պետության հիմնադիրներն այնքան հեռատես են եղել, այնպես են արել, որ այդ նախաբանը անփոխարինելի լինի, անգամ հանրաքվե դնեք, չեք կարողանա դա փոխել, միակ տարբերակը այս պետությունը լուծարելն է:

Դրա համար օլոմբա եք ֆռացել, բերել, այս մասկի շոուն կազմակերպել եք ու դրանով էլ չեն բավարարվում, ասում են՝ չէ ժողովուրդը պետք է ասի, որովհետև դուք այսօր կաք, վաղը չկաք:

Այսքանից հետո որեւէ մեկը կարող է գա, ասի՝ ադրբեջանական նարատիվներ եք տարածո՞ւմ:

Դուք գիտե՞ք, որ այն տարածքները, որոնք դուք հանձնել եք մայիսին, վարչատարածային բաժանման մասին նույն օրենքով Հայաստան են: Գիտե՞ք։

Եթե այս օրենքը փաստարկ լիներ, որի վրա Ադրբեջանը կարող էր հենվել, ձեզնից առաջ դա կաներ: Դուք վերածվել եք այս երկրում Ալիևի փաստաբանի, չգիտեմ՝ վարձատրություն ստանո՞ւմ եք դրա համար, թե ոչ»,- ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավորը։