ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույցի ժամանակ անդրադարձավ իր և երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հարաբերություններին․ «Իմ գրքի վերջին էջերում իմ վերաբերմունքն եմ արտահայտել 2018 թվականի իշխանափոխության վերաբերյալ, նաև իմ ու Սարգսյանի հարաբերություններին։ Այո՛, տարանջատում կա, ես մի շարք քայլերի հետ համաձայն չէի։ Ընկալում, որ մենք ամեն ինչ միասին ենք անում, ես սկսեցի հարցազրույցներ տալ նրա համար, որ այդ ընկալումները չլինեն, չասեին՝ միասին են»,- ասաց Քոչարյանը։
Դիտարկմանը՝ Սերժ Սարգսյանին մեղադրում են Նիկոլ Փաշինյանին իշխանություն տալու մեջ։ Եթե կա այդ մեղադրանքը, այդ դեպքում պետք է նաև ձեզ մեղադրեն, թե ինչո՞ւ 2008 թվականին ձեզնից հետո եկավ Սերժ Սարգսյանը։ Քոչարյանը պատասխանեց․ «Ուրիշ թեկնածու չեմ ունեցել։ Այն ժամանակ մամուլում շրջանառվում էր նաև Օսկանյանի թեկնածությունը, բայց դա իմ թեկնածությունը չէր։ Ես ասեմ իմ մոտիվացիան։ Այն ժամանակ համարում էի, որ առաջնահերթ խնդիրը Հայաստանի համար անվտանգային հարցն է։ Կար Ղարաբաղի հարց, կար անվտանգության հարց և համարել եմ, որ պետք է նախագահ ընտրվի մարդ, որը այդ ոլորտին տիրապետում է լիարժեք։
Սերժ Սարգսյանը տարիներ աշխատում էր և՛ պաշտպանության նախարարությունում, և՛ անվտանգությունում, և՛ Ղարաբաղի պատերազմի փորձը ունի։ Այդ ռացիոնալ ընտրության տեսանկյունից ամենաճիշտ որոշումն էր։ Ես երբեք չեմ մտածել, որ հետագայում կարող են այսպիսի զարգացումներ լինեն»։