Ինչ խնդիրներ էլ եթե կային, դրանք լուծվել են հայկական կողմից. ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարը՝ ՀՀ-Ադրբեջան համաձայնագրի մասին

Ես շատ մտահոգ եմ ադրբեջանական հռետորաբանությամբ։ Հուսով եմ՝ միջազգային հանրությունն ու ԵՄ երկրները, մյուս երկրներն իրենց ազդեցությունը կունենան Ադրբեջանի վրա՝ պնդելով, պահանջելով, որպեսզի հնարավորինս արագ ստորագրի Հայաստանի հետ համաձայնագիը: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց աշխատանքային այցով Հայաստանում գտնվող «Ռասմուսեն գլոբալ» միջազգային քաղաքական խորհրդատվական կազմակերպության հիմնադիր նախագահ, ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը։

Նա նշեց, որ իր ցանկությունն է, որ Ադրբեջանը համաձայնագիրը ստորագրի հնարավորինս արագ: «Ինչ խնդիրներ էլ եթե կային, դրանք լուծվել են հայկական կողմից, Ադրբեջանը պետք է հնարավորինս արագ ստորագրի համաձայնագիրը»,- նշեց նա:

«Ավելին, կարծում եմ, որ համաձայնագրի ստորագրումը բխում է Ադրբեջանի շահերից, որովհետև դա կհեշտացնի Ադրբեջանի կապերի զարգացումը միջազգային հանրության, միջազգային ճանապարհների վրա»,- ընդգծեց Ռասմուսենը։