ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիին խնդրել է «զուսպ» պատասխան տալ Իսրայելին՝ ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանության համար:
Reuters-ի պնդմամբ՝ ՌԴ նախագահը, Թեհրան մեկնած ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուի միջոցով, խորհուրդ է տվել չհարձակվել իսրայելցի խաղաղ բնակիչների վրա, հայտնել են իրանական երկու բարձրաստիճան աղբյուրներ:
Թեհրանն իր հերթին ճնշում է գործադրել Մոսկվայի վրա ռուսական արտադրության Սուխոյ Սու-35 կործանիչների մատակարարման համար: Այս մասին իրանական երկու աղբյուր, որոնք քաջատեղյակ են Շոյգուի և բարձրաստիճան իրանցի պաշտոնյաների Թեհրանում կայացած հանդիպմանը, հայտնել են Reuters-ին։
Նշենք, որ Իսրայելը պատրաստվում է Իրանի և լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման կողմից առաջիկա օրերին հնարավոր հարձակումներին և ենթադրում է, որ հարձակումները կարող են լինել մի քանի ճակատներից:
Իրանը, նրա լիբանանյան դաշնակից «Հեզբոլլահ»-ը և պաղեստինյան ՀԱՄԱՍ-ն Իսրայելին մեղադրում են չորեքշաբթի Թեհրանում ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանության համար: Նրա սպանությունը տեղի է ունեցել մի քանի ժամ անց այն բանից հետո, երբ Բեյրութում Իսրայելի հասցրած հարվածից սպանվել էր «Հեզբոլլահ»-ի ռազմական ղեկավար Ֆուադ Շուքրին: Իսրայելը ստանձնել է Շուքրի սպանության պատասխանատվությունը, սակայն պաշտոնապես չի մեկնաբանել Հանիեի սպանությունը: Թե՛ Իրանը, թե՛ «Հեզբոլլահ»-ը խոստացել են վրեժխնդիր լինել սպանությունների համար:
Այս համատեքստում Իսրայելի անվտանգության կառույցները գտնվում են «ամենաբարձր զգոնության» վիճակում, իսկ ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի անդամները, ներառյալ Մեծ Բրիտանիան և արաբական դաշնակից երկրները, որոնք նպատակ ունեն խափանել Իրանի հնարավոր հարձակումները, փորձում են զսպել և կասեցնել դրանք: