Search
Close this search box.

Ինչ փաստաթուղթ է իրականում ԱՄՆ-ում ստորագրել Արարատ Միրզոյանը և ինչ վտանգավոր պայմանով․ Սուրեն Պետրոսյան

Իշխանությունը փաստացի, ոչ թե նվազեցնում այլ ինստիտուցիոնալ կերպով ավելացնում է գոյաբանական սպառնալիքները՝ Հայաստանին ներքաշելով նոր և սպեկուլյատիվ հակամարտությունների մեջ․ Այս մասին գրառում է արել «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանը․

Հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերությունը Հայաստանի իշխանության համար ունի միայն քարոզչական նշանակություն, որը բացառապես ներքին լսարանի համար է։

Այն կարելի է համարել նախընտրական քարոզարշավի ոչ պաշտոնական մեկնարկ։

Սա է հիմնական պատճառներից մեկը, որ իշխանության և նրանց արբանյակների կողմից ներկայացվում է, որպես ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑԱՅԻՆ հարաբերությունների սկիզբ, որը աղերս չունի իրականության հետ։

Իրականում ստորագրվել է Ռազմավարական համագործակցության հանձնաժողովի կանոնակարգը, որը ոչ մի կապ չունի միջպետական ռազմավարական համագործակցության համաձայնագրի հետ։ Այսինքն ակնկալել անվտանգային միջավայրի բարելավում կնքված փաստաթղթի հիման վրա նույնն է, ինչ ակնկալել, որ Հայաստանը շուտով կդառնա ԱՄՆ-ի 51-րդ նահանգը։

Որպես կանոն իրական ռազմավարական համագործակցության պայմանագիրը, արձանագրում է արդեն իսկ փաստացի առկա ռազմավարական հարաբերությունները իրավական հարթությունում և ոչ թե այդ փաստաթղթով զրոյական հարաբերությունները վերածվում են ռազմավարականի։

Այս ամենի մեջ կա անուշադրության մատնված, բայց չափազանց վտանգավոր մի հատված, որտեղ Հայաստանը պետք է ներգրավվի Իսլամական Պետության դեմ ձևավորված դաշինքում (թեպետ այդ կոալիցիան փաստացի ավարտել է իր առաքելությունը)։ Սրանով ՀՀ իշխանությունը փաստացի իր համաձայնությունն է տալիս, որ Միջին արևելքում սպասվող լրջագույն բախումներում Հայաստանը պատրաստ է դառնալ բախման գոտի իր բոլոր հետևանքներով։ Իշխանությունը փաստացի, ոչ թե նվազեցնում այլ ինստիտուցիոնալ կերպով ավելացնում է գոյաբանական սպառնալիքները՝ Հայաստանին ներքաշելով նոր և սպեկուլյատիվ հակամարտությունների մեջ։

Չպատկերացնելով աշխարհաքաղաքական ու տարածաշրջանային գործընթացների «ուժային երկաթյա» տրամաբանությունը, իշխանությունը զգում է իրեն հաղթանակած, կարծելով, որ պետականության գնով լուծելու է սեփական անվտանգության խնդիրը, միևնույն ժամանակ չգիտակցելով, որ միայն «հեղափոխությունը չէ, որ խժռում սեփական զավակներին», ավելի դաժան կերպով «սեփական զավակներին խժռում են տերերը», որոնք այլևս նրանց ծառայությունների կարիքը չեն զգում, իսկ գոյությունը նրանց համար դառնում է միայն անհարկի «գլխացվանք»։