Կառավարությունն այսօրվա՝ հոկտեմբերի 31-ի նիստում որոշեց Հայաստանի ազգային ագրարային համալսարանից տարածք հատկացնել Հայաստանում Ֆրանսիական համալսարանին։
Որաշման հիմնավորման մեջ ասվում է.
«Նկատի ունենալով ագրարային ոլորտում Հայաստանի բարձրագույն կրթության համակարգը բարելավելու անհրաժեշտությունը և բարձրագույն կրթական ծրագրերի իրականացման Ֆրանսիայի հարուստ փորձը, ինչպես նաև Ֆրանսիական նորարարական ծրագրերից օգտվելու ցանկությունը՝ Կողմերը համաձայնվում են համագործակցել Բոլոնիայի գործընթացին համահունչ:
Բոլոնիայի գործընթացին համահունչ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի միջազգայնացման, այդ թվում և ուսումնական ծրագրերի և կառավարման ձևի վերանայման և արդիականացման ուղղությամբ՝ վերջինս համապատասխանեցնելով միջազգային լավագույն փորձին։
Հայաստանի ազգային ագրարային և Հայաստանում Ֆրանսիական համալսարանների փոխհամաձայնությամբ նախատեսվում է Հայաստանի ազգային ագրարային համալսարանին ամրացված առաջին մասնաշենքից տրամադրել տարածք: Նախատեսվում է Հայաստանում Ֆրանսիական համալսարանին տրամադրված տարածքի, ինչպես նաև Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հետ համատեղ օգտագործվելիք տարածքների, ինչպես օրինակ՝ համատեղ օգտագործվող կենտրոնական շքամուտք, աստիճանավանդակ, վերելակ, մարզադահլիճ, ճաշարան, մեծ դահլիճ, մեծ դահլիճի նախամուտք, վերանորոգում Հայաստանում Ֆրանսիական համալսարանի միջոցներով:
Միաժամանակ նախատեսվում է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի 1-ի մասնաշենքի 5-րդ հարկում տեղակայված Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանին գործունեության համար անհրաժեշտ տարածք տրամադրել Հայաստանի ազգային պոլիտեխնիական համալսարան հիմնադրամին հատկացված տարածքից: Համապատասխան ՀՀ կառավարության որոշման նախագիծը կշրջանառվի ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից՝ անհրաժեշտ ելակետային տվյալների հստակեցումից հետո»:
Հիշեցնենք, որ առավոտյան Ագրարային համալսարանից 40 լսարան ու լաբորատորիա ֆրանսիական համալսարանին տալու` Կառավարության որոշմանը դեմ դասախոսներն ու ուսանողները երթով շարժվում էին դեպի կառավարության շենք։
Ինչպես նաև Ագրարային համալսարանի 5 դեկան բանակցությունների համար մտել էր կառավարության շենք: