Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիյադում տեղի ունեցած ռուս-ամերիկյան բանակցությունների վրա կենտրոնացած լինելով, կարծես թե բոլորիս ուշադրությունից վրիպեց մեկ այլ՝ բավականին հետաքրքիր հանդիպում, որը տեղի ունեցավ Անկարայում՝ Ուկրաինայի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Զելենսկու եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջեւ։ Ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը, անդրադառնալով այդ հանդիպմանը, իր վերլուծական հոդվածում նկատում է, որ, ինչպես ռուս-ամերիկյան, այնպես էլ թուրք-ուկրաինական բանակցությունների պարագայում դեռ վաղ է միանշանակ եզրակացություններ անելը։ Սակայն, միաժամանակ, որոշ դիտարկումներ արդեն հիմա էլ կարելի է կատարել։
Մասնավորապես, պետք չէ աչքաթող անել այն, որ Թուրքիան արդեն ունի Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ բանակցությունների մոդերացիայի փորձառություն, թեեւ Ռուսաստանում ստամբուլյան ֆորմատն առանձնապես մեծ հետաքրքրություն չի առաջացնում։ Ընդհակառակը, ռուսական իրականության մեջ ստամբուլյան ֆորմատն ընկալվում է ծանր զիջումների հետ զուգորդված, որոնք գրեթե մեկնաբանվում են որպես չհիմնավորված նահանջ՝ հօգուտ Կիեւի։ Սակայն, ամեն դեպքում, փաստը մնում է փաստ։ Մյուս կողմից, քանի դեռ Արեւմուտքը Մոսկվայի հետ ուղիղ շփումներից զերծ էր մնում, Թուրքիան պահպանում էր «հավասար հեռավորությունը»՝ երկու հակամարտող կողմերի հետ, հանդիպելով թե՛ Պուտինի, թե՛ Զելենսկու հետ։ Սակայն հիմա ինչպես ընդունված է ասել՝ «իրավիճակ է փոխվել», եւ Թուրքիայի նախագահը, ինչպես դիպուկ նկատում է Մարկեդոնովը, չի ցանկանում կորցնել իր «վաստակած» միավորները։ Ավելին` ձգտում է դրանք ինչ-որ կարեւոր մի բանի փոխարկել։ Ուկրաինայի նախագահն էլ իր հետաքրքրություններն ունի։ Ի վերջո, Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ երկիր է, Միացյալ Նահանգների եւ ԵՄ-ի համար կարեւոր դաշնակից։
Ավելին, Անկարան մեկ անգամ չէ, որ իր աջակցությունն է հայտնել Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը։ Հաշվի առնելով այն անկանխատեսելիությունն ու անորոշությունը, որ ներկայում առկա է Կիեւի եւ ամերիկյան նոր վարչակազմի հարաբերություններում, Զելենսկին փորձում է, ըստ էության, ինչ-որ քայլեր ձեռնարկել՝ Մոսկվա-Վաշինգտոն «մեծ գործարքի» հնարավոր կնքումը վիժեցնելու համար, քանի որ դրան չեն մասնակցում ո՛չ Եվրամիությունը, ո՛չ Ուկրաինան։ Այստեղ եզրակացությունը պարզ է՝ ուկրաինական ռազմական հակամարտությունը մոտենում է վերջնագծին։ Սակայն այդ վերջնագծի բաղադրիչները հակամարտության կողմերը եւ այդ հակամարտության մեջ այս կամ այն կերպ վերգրավված միավորները խիստ տարբեր կերպ են պատկերացնում կամ ցանկանում։