ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին տեղեկացրել է հայ–ադրբեջանական խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտի մասին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։
Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարները զրուցել են հեռախոսով։
«Վարչապետը ՌԴ նախագահին տեղեկացրել է «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի» նախագծի տեքստի համաձայնեցման և նախագծի տեքստի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտի մասին»,– ասված է հաղորդագրությունում։
Ըստ գործադիր մարմնի` քննարկվել են նաև տարածաշրջանային և երկկողմ հարաբերություններին վերաբերող այլ հարցեր։
Հիշեցնենք` մարտի 13-ին հայտնի դարձավ, որ Երևանն ու Բաքուն ավարտել են խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ բանակցությունները՝ համաձայնեցնելով վերջին երկու կետերը, որոնք վերաբերում էին սահմանային հատվածներից երրորդ ուժերի (տվյալ դեպքում՝ Հայաստանում ԵՄ առաքելության. խմբ.) դուրսբերմանը և միջազգային դատական ատյաններ ներկայացված հայցերից հրաժարվելուն։