Search
Close this search box.

Ինչ է առաջարկել Պուտինը՝ ԲՐԻԿՍ-ի առաջնորդներին

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ելույթ է ունեցել ԲՐԻԿՍ-ի անդամ երկրների ղեկավարների մասնակցությամբ գագաթնաժողովի նեղ կազմով հանդիպմանը։ Նա մասնակիցներին առաջարկել է քննարկել միջազգային օրակարգի հարցեր, այդ թվում՝ տարածաշրջանային սուր հակամարտությունների լուծումը։

Պուտինի խոսքով՝ «այս տարի ամեն ինչ արվել է, որպեսզի մեծացվի ԲՐԻԿՍ-ի դերը գլոբալ և տարածաշրջանային հրատապ խնդիրների լուծման գործում», գրում է kommersant.ru-ն։

«Այժմ, նեղ կազմով հանդիպման ժամանակ մենք առաջարկում ենք դիտարկել գլոբալ օրակարգի ամենաարդիական ասպեկտները, կարծիքներ փոխանակել միջազգային ասպարեզում ԲՐԻԿՍ-ի երկրների համագործակցության թեմայի շուրջ, ներառյալ սուր տարածաշրջանային հակամարտությունների լուծումը», — ասել է Պուտինը:

Հանդիպմանը մասնակցում են Եգիպտոսի նախագահ Աբդելֆաթահ աս Սիսին, Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին, Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը, Չինաստանի ղեկավար Սի Ծինփինը, ԱՄԷ նախագահ Մուհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանը, Եթովպիայի վարչապետ Աբի Ահմեդը, Հարավային Աֆրիկայի նախագահ Սիրիլ Ռամաֆոսան և Բրազիլիայի արտգործնախարար Մաուրո Լուիս Իեկեր Վիեյրան:

Կազանում ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովը մեկնարկել է երեկ՝ հոկտեմբերի 22-ին, այն կտևի երկու օր։ Ակնկալվում է, որ միջոցառմանը ներկա կլինեն 24 պետությունների ղեկավարներ: Այսօր նախատեսվում է անցկացնել ԲՐԻԿՍ-ի անդամ երկրների նեղ ու ընդլայնված կազմով հանդիպումներ։ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովն ասել է, որ գագաթնաժողովի ամփոփիչ հռչակագիրը կարտացոլի ասոցիացիայի երկրների դիրքորոշումը Ուկրաինայի ռազմական հակամարտության վերաբերյալ։