Ի վերջո կզբաղվե՞ք Ձեր խնդիրներով, եթե ոչ, հրաժարվե՛ք ՄԻՊ պաշտոնից և ստանձնե՛ք պարեկի պաշտոն. Ղազարյանը՝ ՄԻՊ-ին

ՄԻՊ մասին սահմանադրական օրենքի երկրորդ հոդվածը սահմանում է ՄԻՊ գործառույթները, ըստ որի Պաշտպանը հետևում է պետական և ՏԻ մարմինների ու պաշտոնատար անձանց կողմից մարդու իրավունքների և ազատությունների պահպանմանը, նպաստում խախտված իրավունքների ազատությունների վերականգնմանը: Այս մասին ԱԺ լսումների ժամանակ, դիմելով ՄԻ պաշտպան Անահիտ Մանասյանին, ասաց հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը:

«Այն խնդիրը, որի մասին խոսում եք և ներկայացնում եք, չի վերաբերվում պետական կառավարման, ՏԻՄ-երի կողմից մարդկանց իրավունքների խախտմանը, վերաբերում է մասնավոր սեկտորին որոնց հետ կապված իրավաքաղաքական հարաբերությունները կարգավորվում են վարչական իրավախախտումների մասին օրենսդրությամբ և բացարձակապես դուրս են ՄԻՊ մանդատի շրջանակներից։ Դրա փոխարեն ՄԻՊ իրավասության տիրույթում պետք է լինեին, և կարծում եմ այս օրերին հատկապես, Արցախի ցեղասպանված և բռնի տեղահանված մեր քաղաքացիների իրավունքների պաշտպանության հարցերը»,- ասաց նա։

Ղազարյանը հիշեցրեց, որ այս օրերին ՔԿ-ի մոտ կազմակերպվում են ինքնաբուխ բողոքի ակցիաներ՝ հանիրավի կերպով ոստիկանության բաժնում բռնության ենթարկված քաղաքացիների համար։ «Բայց մեկ էլ պարզվում է, որ Ձեր հիմնական մանդատին վերաբերող հարցերը միշտ դուրս են մնում Ձեր ուշադրության կենտրոնից: Հիմա ես ուզում եմ հասկանալ՝ Ձեր խնդիրներով ի վերջո կզբաղվե՞ք, թե՝ չէ, իսկ եթե շատ եք ուզում զբաղվել այս խնդրով, որը շատ կարևոր խնդիր է, ապա կարծում եմ, որ շատ հանգիստ կարող եք հրաժարական ներկայացնել ՄԻՊ-ի պաշտոնից և ստանձնել պարեկի պաշտոնը, ի դեպ, պետությունը խրախուսում է կանանց ներգրավվածությունը պարեկային ծառայությունում»,- ասաց Ղազարյանը:

Մանասյանը նշեց, որ անկախ նրանից, թե ինչ իրավիճակում ենք գտնվում և անկախ նրանից, թե օրվա ընթացքում որ հարցերն են միգուցե ավելի մեծ հանրային հնչեղություն ունենում, կամ՝ ոչ, իր համար հավասար կարևորություն ունեն մարդու իրավունքների հետ կապված բոլոր խնդիրները:

«Այդ տեսանկյունից այս խնդիրը, այո, շատ կարևոր խնդիրներից է, ես չեմ ասի, որ դա ամենակարևոր խնդիրն է, բայց այն խնդիրներից է, որ ընդհանրապես մեր տիպի հաստատությունների կողմից Հայաստանում չի հասցեավորվում, մինչդեռ միջազգային պրակտիկայում շատ ակտիվ են մեր տիպի հաստատություններն այս խնդիրները հասցեավորելու դիտանկյունից, և դա է պատճառը, որ մնացյալ խնդիրների հետ համահավասար մենք բախվում ենք նաև այս հարցերով»,- ասաց նա։

Մանասյանը նաև նշեց, որ խնդիր է, որ ոչ միայն Հայաստանում այլ տարածաշրջանում, որ ՄԻՊ-ը դիտարկվում է բացառապես մարդու իրավունքների պաշտպանության գործառույթն իրականացնող հաստատություն: «ՄԻՊ հաստատություններն ունեն շատ կարևոր երկրորդ մանդատային գործառույթը, դա իրավունքների խթանումն է, և բոլոր իրավունքները, որոնք պետությունում կարող են մակարդակը դրանց զարգացած չլինել և այլն, դրանք պետք է շատ ակտիվ մարդու իրավունքների պաշտպանության ազգային հաստատությունների կողմից բարձրաձայնվեն։ Ի դեպ, նշեմ, որ նախորդ տարի հոկտեմբերին մեր հաստատությունը ՄԱԿ-ի կողմից գնահատվել է և մեր գնահատման արդյունքներն այն են եղել, որ իհարկե, մեր հաստատությունը գործում է արդյունավետ, անկախ և վստահելի է, բայց նաև կարևորել են իրավունքների խթանման գործառույթի հետ կապված ակտիվ գործունեության շարունակումը, հետևաբար անկախ նրանից, թե մենք խոսում ենք որ մարմնի մասին, իրավունքների խթանման տեսանկյունից մարդու իրավունքների պաշտպանն ունի շատ լայն մանդատ, այդ թվում հանրային իրազեկումներ իրականացնելու միջոցով»,- շեշտեց նա: