ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«Արարատ Միջազգային Համագործակցության» հասարակական կազմակերպությունը, որպես կրթամշակութային, ազգային ինքնության պահպանման և միջազգային համագործակցության խթանման առաքելություն իրականացնող կառույց, հանդես է գալիս ի պաշտպանություն բարերար Սամվել Կարապետյանի՝ բարձր գնահատելով նրա ներդրումը Հայաստանի, Արցախի և Սփյուռքի բազմաթիվ կենսական ուղղություններում։
Մենք անհերքելի ենք համարում նրա աջակցությունը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն, պատմամշակութային ժառանգության պահպանմանը, կրթական ու առողջապահական ոլորտներին։ Սամվել Կարապետյանը մեծ ներդրում ունի ազգային հոգևոր և մշակութային արժեքների պահպանման գործում, իսկ նրա ջանքերը միտված են եղել ոչ թե շահի, այլ ժողովրդի, հայրենիքի ու հավատի բարօրությանը։
Այս դժվարին ժամանակներում մենք կանգնած ենք ոչ միայն բարերար Սամվել Կարապետյանի կողքին, այլ նաև Հայ Առաքելական Եկեղեցու՝ որպես հայ ժողովրդի դարավոր հոգևոր ու ազգային սյունի։ Մեր կազմակերպությունը խորապես մտահոգված է բարոյականության, ազգային արժեքների և անկախ կառույցների հանդեպ անհարկի ու միակողմանի հարձակումներով։
Կոչ ենք անում հասարակությանը, կառույցներին և միջազգային գործընկերներին՝ մնալ արժանապատիվ, իրազեկ ու միավորված՝ ի պաշտպանություն այն անհատների և կառույցների, որոնք տարիներ շարունակ եղել են մեր ազգային հենարաններից։
«Արարատ Միջազգային Համագործակցության» ՀԿ-ն վճռական է իր աջակցությունը շարունակելու բոլոր այն նախաձեռնություններին, որոնք նպաստում են ազգային միասնությանը, հոգևոր ու մշակութային ինքնության ամրապնդմանը։