Անցյալ շաբաթ Մոսկվա էր այցելել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ռուս-հայկական կապերը բազմադարյա պատմություն ունեն, և զարմանալի են Հայաստանի ներկայիս իշխանությունների կողմից հնչող հակասական հայտարարությունները՝ երբեմն ռուսական կապերի պահպանման, երբեմն՝ դրանց խզման մասին։ Վլադիմիր Պուտինը հստակ նշել է, որ Փաշինյանը պետք է վերջապես որոշի՝ ո՞ր աթոռին է ինքը նստում։ Այս մասին գրում է НТВ-ն։
«Հայաստանում կառուցել են ԱՊՀ երկրների տարածքում ԱՄՆ-ի ամենամեծ դեսպանատունը, սկսել են ակտիվորեն մասնակցել ՆԱՏՕ-ի զորավարժություններին, որդեգրել են Եվրոպայի հետ մերձեցման ուղին։ Բայց միևնույն ժամանակ նրանք չեն ցանկանում խզել հարաբերությունները Ռուսաստանի հետ․ տնտեսական համագործակցությունից շատ մեծ օգուտներ կան: Պարզ ասած, Հայաստանի ղեկավարությունը փորձում է նստել երկու աթոռի վրա, ինչը սովորական կյանքում էլ անհնար է, առավել ևս՝ մեծ քաղաքականության մեջ։ Հայաստանի վարչապետը ստիպված կլինի ընտրություն կատարել դրանց միջև»,- գրում է լրատվամիջոցը:





