Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «Հայաստանի ԱԳՆ հայտարարել է, որ սահմանազատման ու սահմանագծման հանձնաժողովները ստորագրել են աշխատանքի կանոնակարգը և այն սկսել է երկրներում ներպետական հաստատումների փուլ:
Այս տեղեկության առնչությամբ հատուկ ուշադրության է արժանի երկու հանգամանք: Նախ, ապրիլի 19-ի հայտնի համատեղ հայտարարությամբ, որ վերաբերում էր Կիրանցի հատվածին, Հայաստանն ու Ադրբեջանը նշում էին, որ կանոնակարգը պետք է հաստատվի մինչև ապրիլի 1: Բայց, այն փաստորեն ստորագրվում է միայն օգոստոսի 30-ին, այսինքն, երկու ամիս ուշացումով:
Ի՞նչն էր այդ ուշացման, ձգձգման պատճառը: Սրա մասին հրապարակային տեղեկատվություն չկա, ինքս չունեմ ինսայդ տեղեկատվություն, թե ինչ պատճառով է հաստատումը ձգվել երկու ամիս:
Դրա ստորագրման մասին հայտարարության ուշադրության արժանի մյուս հանգամանքը այն է, որ, փաստորեն, կանոնակարգը ստորագրվում է ՌԴ նախագահ Պուտինի այսպես ասած զանգերից հետո, որոնք հաջորդել էին օգոստոսի 19-ին Բաքու կատարած նրա այցին: Բաքվում Պուտինն ազդարարեց, որ խոսակցության արդյունքի մասին կիրազեկի Փաշինյանին: Օգոստոսի 23-ին, ի դեպ՝ Հայաստանի Անկախության հռչակագրի տարեդարձի օրը, Պուտինը զանգահարեց Փաշինյանին:
Նրա հետ հեռախոսազրույցից չորս օր անց էլ՝ օգոստոսի 2-ին, նա հեռախոսազրույց ունեցավ Ալիևի հետ: Ընդ որում, Պուտինը դեռևս օգոստոսի 19-ին Բաքվում էր նշել, իսկ հետո հեռախոսազրույցների մասին Կրեմլի հաղորդագրություններում էր շեշտվում, որ Ռուսաստանը պատրաստակամ է օգնել փոխադարձ ընդունելի համաձայնությունների հասնել խաղաղության պայմանագրի հարցում, սահմանազատման և սահմանագծման հարցում, հաղորդուղիների ապաշրջափակման հարցում՝ «եթե կողմերը դեմ չեն»:
Որքա՞ն է Պուտինի զանգերի դերը՝ կանոնակարգի ստորագրման հարցում: Եթե դա հեռախոսազրույցների արդյունքում ստացված ստորագրություն է, ապա է՞լ ինչ համաձայնություններ կամ շղթա է ենթադրում այն, թե՞ այս պահին պարզապես «միանվագ» համաձայնություն է, որը միտված է սահմանային հարցերում իրավիճակի կառավարման ավելի երկարաժամկետ մեխանիզմ ձևավորելուն, որպեսզի նվազի սահմանային միջադեպերի ռիսկը:
Այստեղ էական է, թե ի՞նչ սկզբունքներ է ենթադրում ստորագրված կանոնակարգը, եթե նկատի ունենանք այն վերապահումը, որ կար ապրիլի 19-ի հայտարարության մեջ: Հիշեցնեմ, այնտեղ հիշատակվում էր, որ համաձայնությունը Ալմա Աթայի հռչակագրի «հիման վրա» է, բայց նաև սահմանազատման և սահմանագծման գործընթացի իրականացման ամբողջական սկզբունքը կհամապատասխանեցվի խաղաղության պայմանագրի տեքստով ամրագրված սկզբունքին: Այլ կերպ ասած՝ այսօր (ապրիլի 19-ին), պայմանավորվում ենք Ալմա Աթայով, սակայն սահմանի մյուս հատվածներում կարող է գործել այլ սկզբունք:
Հանձնաժողովների աշխատանքային կանոնակարգը որևէ բան ենթադրու՞մ է այդ առումով, թե՞ այն զուտ տեխնիկական փաստաթուղթ է»: