Երևան քաղաքի Առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում այսօր՝ հուլիսի 30–ին, հրապարակվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան վրաերթից մահացած Սոնա Մնացականյանի գործով վերդիկտը։
Մեղադրյալ Արամ Նավասարդյանը մեղավոր ճանաչվեց, նրա նկատմամբ խափանման միջոցը՝ երկրից բացակայելու արգելքը մնաց անփոփոխ։
«Սույն վարույթով լրացուցիչ դատալսումները տեղի կունենան օգոստոսի 13–ին, ժամը 12.00–ին»,–ասաց դատավորը։
Երեկ՝ հուլիսի 29-ին տեղի է ունեցել այս գործով վերջին դատական նիստը։ Գործի քննությունը ձգվել է շուրջ 3 տարի, ամբաստանյալի աթոռին է մեքենայի վարորդը՝ Արամ Նավասարդյանը։ Նրա նկատմամբ խափանման միջոցը չհեռանալու մասին ստորագրությունն է, նա քրեական գործի սկզբից մինչև այսօր երբևէ կալանավորված չի եղել։ Հիշեցնենք, որ Սոնա Մնացականյանը 31 շաբաթվա հղիություն ուներ, վրաերթից հետո նա հիվանդանոց էր տեղափոխվել մահացած վիճակում։
Դատական նիստին եզրափակիչ ելույթներով հանդես են եկել դատավարության կողմերը։ Նիստը տևել է 4 ժամից ավելի։ Հանրային մեղադրողը միջնորդել է դատարանին վարորդի նկատմամբ կայացնել մեղադրական վերդիկտ։
Հանրային մեղադրող Արմեն Բեգլարյանը ներկայացրել է Արամ Նավասարդյանին առաջադրված մեղադրանքը, ըստ որի՝ Արամ Նավասարդյանը, հանդիսանալով ՀՀ ոստիկանության ՃՈ ծառայության ուղեկցող սպայական վաշտի 3-րդ սպայական դասակի հրամանատար և գտնվելով ծառայության մեջ, իրեն ամրակցված «Տոյոտա Պրադո» մակնիշի ծառայողական ավտոմեքենայով 2022 թվականի ապրիլի 26-ին իրականացրել է հատուկ շարասյան տրանսպորտային միջոցների ուղեկցում՝ ընթանալով շարասյան առջևից։
Ավտոմեքենան վարել է Պարոնյան փողոցով՝ Պռոշյան փողոցի ուղղությամբ նվազագույնը շուրջ 108,7 կմ/ժ արագությամբ, լուսային և ձայնային ազդանշանները միացված վիճակում, ու հասնելով Պարոնյան և Լեո փողոցների խաչմերուկին՝ թույլ է տվել ՃԵԿ (ճանապարհային երթևեկության կանոնների) խախտում։ Ավտոմեքենան վարել է սահմանված 100 կմ/ժ արագությունը գերազանցող՝ նվազագույնը շուրջ 108.7 կմ/ժ արագությամբ։ Երթևեկության համար վտանգն առաջանալու պահից սկսած՝ միջոցներ չի ձեռնարկել արագությունը իջեցնելու՝ ընդհուպ մինչև տրանսպորտային միջոցը կանգնեցնելու համար։ Եվ ժամանակին չդիմելով արգելակման՝ ստեղծել է վթարային իրադրություն և ավտոմեքենայի առջևի աջ մասով վրաերթի է ենթարկել հետիոտների համար նախատեսված լուսացույցի կանաչ լույսի առկայության պայմաններում ձախից դեպի աջ հանգիստ քայլող 31 շաբաթական հղիություն ունեցող հետիոտն Սոնա Մնացականյանին, որի հետևանքով վերջինիս անզգուշությամբ պատճառել է մահ։
Ըստ մեղադրանքի՝ Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկելուց հետո Արամ Նավասարդյանը թողել է դեպքի վայրը և հեռացել։
Արմեն Բեգլարյանը նշել է, որ այս արարքն ինքնին անզգուշությամբ կատարված հանցագործությունների շարքին է դասվում, և անզգուշությունը վարորդի հանցավոր ինքնավստահության մեջ է, որը գիտակցում է, որ խախտում է կատարում, բայց ենթադրում է, որ կխուսափի հետևանքներից, սակայն տվյալ պարագայում հետևանքից խուսափել չի ստացվել։