Search
Close this search box.

Ի՞նչ եղավ 1 տոննա կnկաինը, որտե՞ղ անհետացավ 230 կգ-ը

Կառավարության նիստից հետո, լրագրողների հետ ճեպազրույցում, ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը խոստովանեց՝ ՊԵԿ-ը միշտ էլ թմրամիջոցներ հայտնաբերել է Հայաստան մտնող գույքերում։ Ավելին՝ խոստովանեց, որ ոլորտում դեռ շատ անելիքներ կան անելու, իրենց աշխատանքն իդեալակն չէ։

«Եթե մաքսային մարմինը զննի Հայաստան մտնող բեռների 100 %-ով, ապա մինչև Փոթի հերթեր կգոյանան։ Պետք է ճիշտ թիրախավորել, շատ կարևոր է նաև համագործակցությունը՝ իրավապահ մարմինների միջև»,- ասաց նա։

Ճշտող հարցին, թե մաքայինի թերացո՞ւմն է եղել, որ մեկ ու կես տարի առաջ ԱԺ նախկին պատգամավոր, ԴԱՀԿ ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանին պատկանող բանանի պահեստներից մեկում շուրջ 1 տոննա կոկային է հայտնաբերվել ՀՀ-ում, ոչ թե մաքսային զննման ժամանակ, Բադասյանն ասաց․ «Եթե ռիսկի պրոֆիլն, օրինակ, ռիսկային համարեր և թիրախավորեր և զննության ենթարկվեր՝ կընդունեի։ Եթե այդպես չի, ապա չեմ կարող լիարժեք ընդունել, բայց ցանկացած թմրամիջոցի մուտքը ՀՀ, եթե դա տեղի է ունեցել մաքսային հսկողության գոտով, ի վերջո, այո, մաքսային մարմնի պատասխանատվության տակ է գտնվում»,- ասաց նա։

Այնուամենայնիվ Բադասյանը չպատասխանեց այն հարցին, թե ինչպես է դասավորվել օրեր առաջ հայտնաբերված կոկայինի ճակատագիրը։ Բադասյանը նաև անդրադարձել է էլեկտրամոբիլ ներմուծման դեպքերին ու ասել, որ այս տարի քաղաքացիներն ավելի շատ են էլեկտրամոբիլ ներմուծել: Ընդգծեց՝ արդեն 7400 էլեկտրամոբիլ է ներմուծվել Հայաստան արտոնյալ պայմաններով. «Նրանք ազատված են ԱԱՀ-ից և դա շարունակում է ուժի մեջ լինել և մենք ունեինք լրացուցիչ 600 քվոտա, որը պահել էինք նմանատիպ դեպքերի համար։ Եվ հիմա դա ավելացվեց, որպեսզի այն քաղաքացիները, ովքեր իրենց էլեկտրամոբիլները բերել են Հայաստան, կարողանան օգտվել այդ արտոնությունից։ Ընդհանուր դառնում է 8000»։

Անդրադառնալով էլեկտրական ավտոմեքենաների գույքահարկի դրույքաչափերի բարձր լինելուն՝ Պեկ նախագահը նշեց, որ դրանց վերաբերյալ ավելի խորքային քննարկումներ են ընթանում: Նա հավելեց, որ այս պահին չի կարող ասել՝ գույքահարկի դրույքաչափերը էլեկտրական մեքենաների համար կնվազեն, թե ոչ: