Հայաստանում մարտ ամսվա կանխատեսումներում փոփոխություններ են տեղի ունեցել. տեղումները նորմայից քիչ կլինեն, իսկ օդի ջերմաստիճանը` կլիմայական նորմայից բարձր 3-4 աստիճանով։ Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի» տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
Նշենք` ամսվա սկզբում հայտարարվեց, որ մարտին և՛ օդի ջերմաստիճանը, և՛ տեղումների քանակը նորմայի սահմաններում են լինելու։
Սուրենյանը հայտնեց, որ վերջին 2-3 օրը մթնոլորտի շրջանառության մեջ էական փոփոխություններ եղան։ Ատլանտյան օվկիանոսում գտնվող Ազորյան կղզիների շրջակայքում ձևավորված հզոր Ազորյան ցիկլոնը տարածվել է ամբողջ Եվրոպայով, այժմ էլ հասել է Հայաստան և Կովկասյան տարածաշրջան։
«Տաք օդի ներխուժման դեպքում հանրապետության լեռնային մարզերում` Շիրակում, Գեղարքունիքում, Կոտայքի, Արագածոտնի, Վայոց Ձորի լեռնային գոտիներում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի 11-16 աստիճան տաքության։ Լոռիում այն կհասնի +16 … +20 աստիճան, Տավուշում` +20 … +24 աստիճան, Արարատում, Արմավիրում և Վայոց Ձորի նախալեռնային հատվածներում տաք օդի ջերմաստիճանը նույնպես կհասնի +20 — … +24 աստիճան տաքության։ Սյունիքի հովտային գոտիներում կդիտվի մինչև +26 աստիճան տաքություն, իսկ նախալեռնային հատվածներում` +18 … +22 աստիճան»,– նշեց Սուրենյանը։
Երևանում սպասվում է +21- … +23 աստիճան տաքություն։