Ամերիկյան Fox News-ը հրապարակել է ԱՄՆ առաջին տիկնոջ՝ իր ամուսնու՝ նախագահ Դոնալդ Թրամփի միջոցով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված նամակի պատճենը։ Ուղերձում Մելանյա Թրամփը կոչ է արել Ռուսաստանի նախագահին «պաշտպանել երեխաներին» և հաղթահարել ազգերի միջև եղած պառակտումները։
Fox News-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահն այն անմիջապես կարդացել է ամերիկյան և ռուսական պատվիրակությունների ներկայությամբ։
Նամակի տեքստում առաջին տիկինը նշել է, որ յուրաքանչյուր երեխա, անկախ ծագման երկրից կամ սոցիալական կարգավիճակից, «ունի նույն երազանքները՝ սիրո, հնարավորության և վտանգից պաշտպանության մասին»։
«Որպես ծնողներ՝ մենք պատասխանատվություն ունենք սնուցելու հաջորդ սերնդի հույսը։ Որպես առաջնորդներ՝ մենք պատասխանատվություն ունենք աջակցելու մեր երեխաներին ոչ միայն մեր մերձավոր շրջապատում, այլև շատ ավելի լայն իմաստով։ Անշուշտ, մենք պետք է ձգտենք ստեղծել արժանապատվությամբ լի աշխարհ բոլորի համար, որպեսզի յուրաքանչյուր հոգի կարողանա արթնանալ խաղաղության մեջ, և ապագան ապահով կերպով պաշտպանված լինի։ Պարզ, բայց խորը միտք, պարոն Պուտին, ինչպես վստահ եմ՝ կհամաձայնեք. յուրաքանչյուր սերունդը սկսում է իր կյանքը մաքրությամբ՝ անմեղությամբ, որը վեր է աշխարհագրությունից, իշխանությունից կամ գաղափարախոսությունից։
Եվ այնուամենայնիվ, այսօրվա աշխարհում որոշ երեխաներ ստիպված են իրենց մեջ կրել լուռ ծիծաղ, որը չի դիպչում շրջապատող խավարին՝ լուռ դիմադրություն այն ուժերին, որոնք կարող են խլել նրանց ապագան։ Պարոն Պուտին, միայն դուք կարող եք նրանց վերադարձնել նրանց ուրախ ծիծաղը։
Այս երեխաների անմեղությունը պաշտպանելով՝ դուք կանեք ավելին, քան պարզապես ծառայելով Ռուսաստանին. դուք կծառայեք ամբողջ մարդկությանը։ Նման համարձակ գաղափարը գերազանցում է բոլոր մարդկային բաժանումները, և հենց դուք, պարոն Պուտին, կարող եք այս տեսլականը իրականություն դարձնել այսօր մեկ ստորագրությամբ։ Ժամանակը եկել է», — ասվում է նամակում։
Հարկ է նշել, որ նամակի տեքստում չի հիշատակվում Ուկրաինան, Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ պատերազմը կամ Ռուսաստանի կողմից ուկրաինացի երեխաների ենթադրյալ առևանգումը։ Fox News-ի տվյալներով՝ նամակը գրվել է Թրամփի և Պուտինի Անքորիջում կայանալիք հանդիպման նախօրեին։
Ուկրաինան պնդում է, որ Ռուսաստանը համացանցում հարկադիր որդեգրման է առաջարկում բռնի կերպով արտաքսված ուկրաինացի անչափահասներին։