ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հանրային կապերի գրասենյակի հայտարարությունը․ «Տեղեկացնում ենք, որ այսօր՝ հուլիսի 13-ին, ՁՊՎ-ից ազատ են արձակվել նախորդ օրերին ապօրինի կերպով ձերբակալված անձանցից հինգը։
Նրանցից որևէ մեկի նկատմամբ մինչ այս պահը որևէ մեղադրանք չի առաջադրվել՝ իրավական հիմքերի բացակայության պատճառով։
Ավելի վաղ երկու ամսով կալանավորվել է տասնութամյա Անդրանիկ Չամիչյանը, ում մոտ հայտնաբերվել էին բացառապես օրինական և սթրայքբոլ խաղի համար նախատեսված պարագաներ։
Ձերբակալվածներից մեկ այլ քաղաքացու նկատմամբ, որի բնակարանում ավելի ուշ հայտնաբերվել էր մեկ նռնակ, նույնպես կիրառվել է երկամսյա կալանք։ Ուշագրավ է, որ այս դեպքում մեղադրող կողմը հրաժարվել է ահաբեկչության կազմակերպման մեղադրանքից, և քաղաքացին կալանավորվել է միայն ապօրինի զինամթերք պահելու մեղադրանքով։
Այսպիսով, կրկին փաստում ենք, որ, ինչպես արձանագրել էինք մեր նախորդ հայտարարություններում, ահաբեկչության կազմակերպման մասին պնդումներն ի սկզբանե եղել են անհիմն։ Կրելով բացահայտ քաղաքական ենթատեքստ ու նպատակադրում՝ դրանք նպատակ էին հետապնդում մոլորեցնել և ահաբեկել հանրությանը։
Շինծու այս քրեական գործերի բոլոր մանրամասները հանրությանը ներկայացնելու նպատակով, երկուշաբթի՝ հուլիսի 14-ին, ժամը 14:00-ին ՀՅԴ «Սիմոն Վրացյան» կենտրոնում կկազմակերպվի ասուլիս՝ գործով ներգրավված փաստաբանների մասնակցությամբ»։