Search
Close this search box.

Հուսով ենք՝ Փաշինյանը կմասնակցի Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը. ՌԴ ԱԳՆ

Մոսկվան հուսով է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի դեկտեմբերի 25-26-ը Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը: Այս մասին, ՌԻԱ «Նովոստի»-ի փոխանցմամբ, ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը. «Բոլորը հրավիրված են… հուսով ենք, որ բոլոր նրանք, ում հրավիրել ենք, այդ թվում՝ Նիկոլ Վովաևիչ Փաշինյանը, կգան Սանկտ Պետերբուրգ… Տեսնենք՝ ինչ կլինի»,- ասել է նա:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումներին մասնակցում է իր նախագահության առաջին տարվանից՝ 2000 թ.-ից: Վերջին տարիներին ավանդույթ է ձևավորվել այս գագաթնաժողովներն անցկացնել Սանկտ Պետերբուրգում, դեկտեմբերի վերջին։ Այս հանդիպումների ժամանակ ոչ պաշտոնական շփման ընթացքում համաձայնեցված և հաստատված ծրագիր չի լինում, Համագործակցության անդամ երկրների ղեկավարները կարծիքներ են փոխանակում իրենց առավել հետաքրքրող հարցերի շուրջ։